«Մենք կողմ ենք խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրմանը և կոմունիկացիաների ապաշրջափակմանը։ Ցավոք, ինչ վերաբերում է Հայաստանի Սյունիքի մարզով անցնող կոմունիկացիաներին, հենց հայկական ղեկավարությունն է սաբոտաժի ենթարկում համաձայնությունը, որի տակ կա վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրությունը։ Դժվար է հասկանալ նման դիրքորոշման իմաստը»։ Այդ մասին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Մոսկվայի «մեսիջը» Փաշինյանին հստակ է՝Սյունիքով անցնելու է ոչ թե միջանցք, այլ խոսքն ընդամենը կոմունիկացիաների ապաշրջափակման մասին է, սակայն ռուսական կողմը կցանկանա հսկողություն սահմանել այդ կարևորագույն լոգիստիկայի վրա, քանի որ հակառակ պարագայում այդ լոգիստիկան ՔՊ-ականները վստահելու են Արևմուտքին, իսկ դա անընդունելի է ՌԴ-ի և Իրանի համար։ ՌԴ-ի համար նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, որի տակ կա Փաշինյանի, Ալիևի և Պուտինի ստորագրությունը դեռ ակտուալ է, իսկ Փաշինյանն՝Արևմուտքի խորհուրդներով փորձում է չեղարկել այդ փաստաթուղթն ու թույլ չտալ, որպեսզի Մոսկվան ուժեղացնի իր ներկայությունը Սյունիքում և հսկողություն իրականացնի Արևելքի և Արևմուտքի միջև տրանսպորտային հաղորդակցությունների նկատմամբ։ Արևմուտքն ամեն ինչ անում է, որպեսզի Սյունիքով անցնող կարևորագույն հաղորդակցությունը չանցնի ռուսական ուժայինների հսկողության տակ՝հենվելով Փաշինյանի և թիմի վրա։ Սյունիքում բախվում են Արևմուտի, ՌԴ-ի, Իրանի, Չինաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի շահերը։ Արևմուտքը ցանկանում է, որպեսզի Հայաստանով անցնող լոգիստիկան զերծ մնա ռուսական հսկողությունից՝ցանկանում են նավթագազային ռեսուրսներով հարուստ Կենտրոնական Ասիան դուրս բերել ռուսական հսկողությունից՝կցելով թուրք-ադրբեջանական դաշինքին։ Իրանի համար Սյունիքը, եթե այն անցնում է Արևմուտքի, ՆԱՏՕ-ի հսկողության տակ դառնում է պլացդարմ ընդդեմ Իրանի, ինչը Թեհրանը թույլ չի տա։ Թուրք-ադրբեջանական դաշինքի համար էլ Սյունիքը այն պատնեշն է, որը նրանք ամեն գնով փորձելու են հաղթահարել՝Մեծ Թուրան, նոր թուրքական կայսրության կառուցման համար։ Չինաստանն էլ ցանկանում է, որպեսզի Մետաքսի ճանապարհի մի հատվածն անցնի Հայաստանով, սակայն իհարկե ոչ Արևմուտքի հսկողության ներքո, հաշվի առնելով ԱՄՆ-Չինաստան գեոպոլիտիկ մեծ պայքարը։ Այսպիսով, Սյունիքի համար գեոպոլիտիկ պայքարը շարունակվելու է՝գերտերությունների ակտիվ ներգրավվածությամբ։
Սեդա Գևորգյան


































