Ջրային պարեկային ծառայությունը Էկոպարեկային ծառայության հետ համատեղ դեկտեմբերի 23-ին Սևանա լճում և Նորատուս բնակավայրի վարչական տարածքում իրականացրել է ուժեղացված ծառայություն։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:
«Լճից դուրս է բերվել 168 ձկնորսական ցանց, 119 խեցգետնաորսիչ, առգրավվել է 280 սիգ տեսակի ձուկ՝ ընդհանուր 83 կգ։ Գեղարքունիքի մարզի ՊԾ ջրային կարգախմբերի կողմից սիգ տեսակի ձկան ապօրինի որսի արգելման դեմ տարվող միջոցառումների ընթացքում կատարվել են ստուգայցեր և շրջագայություններ Սևանա լճի առափնյա հատվածներում։
Էկոպարեկային ծառայության, Պարեկային ծառայության ջրային կարգախմբի և Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների կողմից Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ բնակավայրի լճափնյա հատվածում արձանագրվել է ձկան ապօրինի որսի 1 դեպք, 2 անձ տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Ճամբարակի բաժին։ Վերջիններիս մոտ հայտնաբերվել են 105 սիգ՝ ընդհանուր 44,84 կգ, և շարժիչավոր նավակ։