Բաքվի դատարանում պաշտպանից հրաժարվելու մասին Ռուբեն Վարդանյանի հայտարարությունն իրավական տեսանկյունից կարևոր նշանակություն ունի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի պաշտպան, փաստաբան Սիրանուշ Սահակյանը:
«Ռուբեն Վարդանյանի հայտարարությունն իրավական տեսանկյունից կարևոր նշանակություն ունի: Այդ հայտարարությունից ակնհայտ է դառնում, որ Վարդանյանը պաշտպանից հրաժարվում է ոչ թե նրա վատ աշխատանքի կամ ոչ կոմպետենտ լինելու պատճառով, այլ, ըստ էության ասում է, որ անիմաստ է պաշտպան ունենալ, եթե նրա հետ չի կարող անմիջականորեն շփվել, առանց սահմանափակումների և նախնական ստուգման փաստաթղթեր փոխանակել»,- ասել է Սիրանուշ Սահակյանը:
Փաստաբանը դատավարական աբսուրդ է համարում այն, որ Ռուբեն Վարդանյանն անգամ մեղադրական եզրակացությունը չունի և չի էլ կարողացել ծանոթանալ գործի 422 հատոր նյութերին, այդ թվում՝ ձայնա և տեսանյութերին:
«Նրա նշած փաստարկներն արդեն իսկ բավարար են, որպեսզի թե՛ Ռուբեն Վարդանյանի, թե՛ մյուս հայերի նկատմամբ իրականացվող այս ողջ «դատավարությունը» համարվի անարդար: Պաշտպանության կազմակերպման տարրական հնարավորություններից զրկելն ամբողջ դատավարությունն անարդար է դարձնում, քանի որ առանց պաշտպանության հանրավոր չէ մյուս իրավունքների իրացումը: Եթե տեղեկացված չես, նյութերին ծանոթ չես, չես կարող անգամ միջնորդություններ ներկայացնել, ինչը չափազանց կարևոր է կողմերի հավասարության, մրցակցության սկզբունքի ապահովման համար: Տասն ամիս նման սահմանափակումներով իրականացվող դատավարություն կոչվածը չի կարող արդար լինել, և այս խնդիրը մենք ներկայացնում ենք միջազգային կազմակերպություններին»,- ասել է Սահակյանը:
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում



































