Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ-ում «ՀՀ 2026 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման եզրափակիչ ելույթից հատված.
«Շատ է խոսվում թոշակների և թոշակառուների մասին։ Հարգելի գործընկերներ, 2025 թվականի հունվարի 1-ից թոշակառուների և նպաստ, հաշմանդամության թոշակ ստացողների, եկեք պայմանական, որ շատ երկար տերմինաբանություն չօգտագործեմ, թոշակներն ավելանում են։ Պարզապես, հասկանու՞մ եք՝ կառավարել կա և կառավարումն ունի նրբություններ, և մենք էլ սովորում ենք ավելի արդյունավետ կառավարել։ Մենք ի՞նչ ենք ասում, ասում ենք՝ լավ, թոշակառուների թոշակն ամսական 10 400 դրամով ավելացնենք, ի՞նչ է անելու թոշակառուն, այդ գումարն ի՞նչ է անելու, ինչի՞ վրա է ծախսելու: Մեր հետազոտությունը ցույց է տալիս, խոսքն այս դեպքում 65 պլյուս տարեկան թոշակառուների մասին է, որ մարդկանց առաջնային ծախսն առողջապահությունն է: Հիմա, հետևաբար, ինչո՞ւ մենք մարդկանց տանք այդ փողը, որ ինքը չիմանա, թե ինչպես այն արդյունավետ օգտագործի իր առողջապահության վրա՝ գնա դեղատուն այլ բան գնի, քան պետք է գնի, գնա ստանա այն բուժծառայությունը, քան պետք է ստանա: Մենք այդ 10 000 դրամը դնում ենք առողջապահության ապահովագրության մեջ, ստեղծում ենք համակարգ, որտեղ ինքը ստանալու է, մեծ հավանականությամբ, ոչ թե 10000, այլ գուցե 20, գուցե 30, գուցե 40, գուցե 50 հազար, գուցե 100 հազար, գուցե 500 հազար դրամի ծառայություն։ Եվ եթե այս ծառայությունների թվերը գումարենք իրար, երբ ուզում ենք հաշվել, թե Հայաստանում թոշակառուների թոշակն այդ առումով ծախսն ինչքան է, մենք տարվա կտրվածքով այդ առողջապահական մատուցված փաստացի ծառայությունների գինը պետք է տարածենք այդ ամեն ինչի վրա, պետպատվերի վրա այդ ավելացածը: Որովհետև շատ է խոսվում՝ դուք այս եք խոստացել, այս եք խոստացել, այս եք խոստացել, չեք արել, այն չեք արել: Կներեք, մենք խոստացել ենք, որ առողջապահության ապահովագրություն լինելու է, բայց չենք խոստացել, որ թոշակառուն դրա համար չի վճարելու:
Եվ մենք հիմա այս լուծմանն ենք գնում, նույն էլ թոշակառուների թոշակն ավելանում է նաև անկանխիկ առևտրի պարագայում, որոշակի տոկոս էլ այդտեղ է ավելանում: Անկանխիկ առևտրի դեպքում, համընդհանուր, Առքա քարտերով, բոլոր քաղաքացիներին 2% հետվճար ենք տալիս, թոշակառուներին պլյուս այս 2%-ն է ավելանում: Կրկին, եթե համեմատելու լինենք, սիրում են խոսել համեմատելու մասին, նաև սա պիտի հաշվի առնենք»:


































