«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է հաստատե՞լ այս հոգևորականի ձեռնադրությունը. պահանջվում է իրավական և պաշտոնական պարզաբանում

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ                                                      «Ֆրոնտ TV» լրատվականի խմբագրությունից

Հարգելի հայրենակիցներ և «Ֆրոնտ TV»-ի հետևորդներ, տեղեկացնում ենք, որ մեր դեմ դատական հայց է ներկայացրել ոմն Ռաֆայել Ջուլհակյանը՝ հանրությանը հայտնի նաև «դաջվածքով դպիր» անվամբ։

Հայցի հիմքում ընկած է «Եռաբլուր» զինվորական պանթեոնում նրա այցը բոյկոտող քաղաքացիների վերաբերյալ հրապարակված տեսանյութը, որի վերնագրում օգտագործվել է «կեղծ դպիր» ձևակերպումը։

Պարոն Ջուլհակյանը հայցադիմումում նշում է, մեջբերում ենք.

«Հրապարակման մեջ ինձ ներկայացրել են «կեղծ դպիր», այն դեպքում, երբ ես հանդիսանում եմ ձեռնադրված հոգևորական, և իմ ձեռնադրված լինելու փաստը պաշտոնապես հաստատված է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից»։

Միևնույն ժամանակ արձանագրում ենք, որ մինչև մեր հրապարակումը տվյալ անձին «կեղծ դպիր» ձևակերպմամբ անդրադարձել են նաև մի շարք այլ հայկական լրատվամիջոցներ, իդեպ ոչ միայն «կեղծ» այլ նաև բազմաթիվ հանրային նյութերում նշվում է «ֆեյք դպիր» անվանումը: Առնվազն տարակուսելի է, թե ինչու է իշխանական պատարագների մշտական մասնակիցը դատական հայցով թիրախավորել բացառապես «Ֆրոնտ TV»-ի հրապարակումը։ Սա նաև ողջամիտ կասկած է առաջացնում լրատվամիջոցի նկատմամբ ընտրովի և հնարավոր ուղորդված իրավական հետապնդման առկայության վերաբերյալ և հենց այս կարևոր հանգամանքի կապակցությամբ «Ֆրոնտ TV»-ին հետևողականորեն շարունակելու է գործել իրավական դաշտում՝ պարզելու բոլոր փաստական հանգամանքներն ու պաշտպանելու արդարության և խոսքի ազատության սկզբունքները: 

Հաշվի առնելով խոսքի ազատության և մամուլի անկախության ապահովման կարևորությունը՝ տվյալ գործի ընթացքի վերաբերյալ մենք կտեղեկացնենք և համապատասխան ուշադրություն կհրավիրենք նաև միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին՝ գնահատելու, թե արդյոք առկա չէ լրատվամիջոցի նկատմամբ ընտրովի իրավական ճնշման դրսևորում։

Այս ամենից զատ, անհրաժեշտ ենք համարում իրավական և պաշտոնական պարզաբանում պահանջել՝ արդյո՞ք ՀՀ-ում քաղաքական կուսակցությունները որևէ իրավասություն ունեն հաստատելու կամ ժխտելու հոգևորականի ձեռնադրության փաստը, ինչպես նշված է հայցադիմումում, քանի որ նման պնդման իրավական հիմքը առնվազն տարակուսելի է՝ հաշվի առնելով, որ եկեղեցական կարգի համաձայն այդ լիազորությունները վերապահված են բացառապես եկեղեցական իրավասու մարմիններին:

Այսպիսով, «Ֆրոնտ TV»-ն վերահաստատում է, որ իր գործունեությունն իրականացնում է բացառապես խոսքի ազատության, լրագրողական էթիկայի և հանրային հետաքրքրության սկզբունքներով։ Հրապարակումը վերաբերում էր հանրային նշանակության իրադարձությանը և արտացոլում էր տեղի ունեցած բողոքի ակցիայի փաստական հանգամանքները։ Կրկնում ենք՝ արտացոլում էր բողոքի ակցիայի փաստական հանգամանքները: 

Մեր խմբագրությունը հետևողականորեն պաշտպանելու է իր մասնագիտական իրավունքներն ու ազատությունները՝ օրենքով սահմանված բոլոր միջոցներով։

Հարգանքով՝ «Ֆրոնտ TV»-ի խմբագրություն

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն