Ինչպես է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարը խաբում և միամիտի տեղ դնում Ավինյանին. Արմեն Քոչարյան

Հոկտեմբերի 15-ին Երևանի ավագանու նիստի ժամանակ հերթական անգամ բարձրաձայնեցի Կուրղինյան փողոցի բնակիչ Վալյա Սարգսյանի ահազանգը, ով 2017 թվականից զրկված է իր տուն գնալու հնարավորությունից՝ ճանապարհ չունենալու պատճառով։ Հիշեցրեցի, որ դեռ 4 ամիս առաջ, երբ խոսել էի այս խնդրից, Տիգրան Ավինյանը հայտարարել էր, որ որևէ տարածք կղզիացած չի կարող մնալ և ճանապարհը պետք է լինի։ Ու չնայած այս հայտարարությանը՝ հարցը մինչ օրս լուծված չէ: Այս մասին մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Քոչարյանը:

Նա նաեւ նշել է. «Ավելին, հոկտեմբերի 21-ին Երևանի քաղաքապետարանի Գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը, զեկուցելով իրավիճակը, մի քանի անգամ խաբեց Տիգրան Ավինյանին և միամիտի տեղ դրեց նրան։

Սուտ 1․ Տիկին Վալյա Սարգսյանի տունը կիսակառույց է։

Իրականություն․ Տունը երկհարկանի է, կիսակառույց չէ՛ և ապահովված է բնակության համար անհրաժեշտ բոլոր պայմաններով։ Ի դեպ, այդ տանը Վալյա Սարգսյանի չբնակվելու հանգամանքը չափազանց զվարճացրել էր Գործակարգավարական խորհրդակցության մասնակիցներին և անձամբ Տիգրան Ավինյանին, մինչդեռ նրանք ամոթից պետք է առնվազն լռեին, քանի որ տիկին Վալյան այնտեղ չի բնակվում հենց քաղաքային իշխանության անգործության հետևանքով իր տանը մոտենալու ճանապարհ չունենալու պատճառով։

Սուտ 2․ Այլընտրանքային ճանապարհը հնարավոր է բացել տան հակառակ կողմից։

Իրականություն․ Ճանապարհը փակված է քարե պարսպով, և մինչև վերջերս տիկին Վալյան ստիպված էր այդ պարսպի վրայով անցնել աստիճաններ դնելու միջոցով։ Միայն այն բանից հետո, երբ նա աստիճանից վայր է ընկել և կոտրել ձեռքը, հարևանը համաձայնել է քանդել պարսպի մի փոքր հատվածը։ Բայց պարիսպը դեռ կա, և այդտեղով ճանապարհ բացել հնարավոր չէ։

Սուտ 3․ Առկա փոքրիկ ճանապարհը 4 մետր է։

Իրականություն․ Այդ ճանապարհը բավականին նեղ է և այդտեղ մեքենա, առավել ևս՝ շտապօգնության կամ հրշեջ ծառայության մեքենա չի կարող մտնել։

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանի այս պահվածը կասկածի տեղիք է տալիս։ Ակամայից սկսում ես մտածել, որ այստեղ կա՛մ կոռուպցիա կա, կա՛մ հովանավորչություն։ Այլապես ո՞րն է ստերի շարք ասելու և իրականությունը խեղաթյուրելու շահագրգռվածությունը։

Պնդում եմ, որ օր առաջ պետք է լուծել տիկին Վալյայի խնդիրը, և վերջ դնել այս աբսուրդային իրավիճակին»։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն