ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը շարունակում է պայքարը քրեակատարողական հիմնարկներ թմրամիջոցների և արգելված իրերի ներթափանցման, ազատազրկված անձանց կողմից դրանց պահման և ապօրինի շրջանառության դեպքերը բացահայտելու և կանխելու ուղղությամբ:
ՔԿ ծառայությունից հայտնում են, որ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության տարածքային բաժինների և քրեակատարողական հիմնարկների անվտանգության ապահովման բաժինների ծառայողները 2024 թվականի հոկտեմբերի ընթացքում ազատազրկված անձանց զննությամբ, նրանց համար բերված հանձնուքներում առկա էլեկտրատեխնիկայի և սննդի միջից, այցելության եկած քաղաքացիների մոտից, ներնետված, ինչպես նաև խցերի աղբամաններում, պահարաններում, հատակի տակ և բնակելի գոտու այլ հատվածներում պատրաստված թաքստոցներից հայտնաբերել են թմրամիջոցի նմանվող, ընդհանուր 40,86 գրամ քաշով զանգվածներ, 162 բջջային հեռախոս, բջջային հեռախոսի 174 պարագա, 11 wi-fi սարք, 53 կտրող-ծակող առարկա, 112,2 լիտր ինքնաշեն ոգելից խմիչք, տարբեր տեսակի 95 դեղահաբեր և արգելված այլ իրեր:
Թվարկված բոլոր դեպքերով նախաձեռնվել են քրեական, վարչական, կարգապահական վարույթներ, նշանակվել են դատաքիմիական փորձաքննություններ:
Ազատազրկված անձանց կողմից արգելված իրերի պահման և շրջանառության դեմ տարվող պայքարը կրում է շարունակական բնույթ: