«Վերաբացված գործը 5 տարի է՝ դոփում է տեղում». Անահիտ Բախշյանի բաց նամակը իրավապահ մարմիններին

ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ ԻՐԱՎԱՊԱՀ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ

ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶ ԱՆՆԱ ՎԱՐԴԱՊԵՏՅԱՆԻՆ

ԱԱԾ ՏՆՕՐԵՆ ՊԱՐՈՆ ԱԲԱԶՅԱՆԻՆ

ՀՀ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ ՊԱՐՈՆ ՔՅԱՐԱՄՅԱՆԻՆ

ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ ՏԻԿԻՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ

Նամակս Ձեզ եմ ուղղում, որովհետև Հայաստանի Հանրապետությանն ու հասարակությանը սպառնացող առկա վտանգներն անչափ մտահոգում են մեր հասարակությանն ու մասնավորապես՝ ինձ, որպես մեր պետության դեմ 25 տարի առաջ՝ 1999թ. հոկտեմբերի 27-ին ՀՀ Ազգային ժողովի դահլիճում, կառավարության հետ հարց ու պատասխանի նիստի ժամանակ ԱԱԾ-ի անգործության հետևանքով իրականացված պետական ահաբեկչության զոհի իրավահաջորդի:

Անչափ մտահոգ եմ, որովհետև Դուք ղեկավարում եք մեր երկրում արդարադատության համակարգը, վերջապես ՀՀ վարչապետի ենթակայության տակ գտնվող այն երկու կառույցները, որոնցից առաջինը Հակահետախուզության, երկրորդը՝ Արտաքին հետախուզության ծառայություններն են: Հիշեցնում եմ նշածս վերջին 2 կառույցների կանոնադրական նպատակները.

1.Հակահետախուզությունն ազգային անվտանգության մարմինների իրավասության շրջանակներում իրականացվող գործառույթների համակարգ է՝ ուղղված օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների և այլ կազմակերպությունների, ինչպես նաև առանձին անձանց հետախուզական գործունեության բացահայտմանը, կանխմանը և խափանմանը:

2.Արտաքին հետախուզության ծառայության առաքելությունն է Հայաստանի Հանրապետությանն ու հասարակությանը սպառնացող արտաքին վտանգների կանխատեսումը, կանխարգելումը, հակազդումն ու պաշտպանությունը դրանցից, ինչպես նաև պետության զարգացման համար հնարավորությունների վերհանումը՝ քաղաքական որոշումներ կայացնողներին վստահելի, արժանահավատ և կիրարկելի հետախուզական տեղեկությունների տրամադրման ու հատուկ միջոցառումների իրականացման միջոցով։

Ձեր կառույցներին է հանձնարարված մեր պետության դեմ արտաքին վտանգների կանխատեսումն ու կանխարգելումը, բայց 1999թ. հոկտեմբերի 27-ի պետական ահաբեկչությունը փաստում է, որ 1999թ. գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանի, 1996-99թթ.ՆԳ և ԱԱ նախարար Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ գործող կառույցը չի՛ կանխատեսել, չի՛ կանխարգելել օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների և այլ կազմակերպությունների, ինչպես նաև առանձին անձանց հետախուզական գործունեության բացահայտմանը, կանխմանը և խափանմանն այն դեպքում, երբ գլխավոր ահաբեկիչը եղել է ԱԱԾ գործակալ:

Այսօր էլ ունենք մտավախություն այս ուղղությամբ, որովհետև նման փորձեր եղել են: Ելնելով այն փաստից, որ 2019թ. դեկտեմբերի 25-ին ՀՀ գլխավոր դատախազի որոշմամբ հոկտեմբերի 27-ի ահաբեկչության պատվիրատուների, կազմակերպիչների ու հրահրողների մասով դատավարության անջատված մասի վերաբացված գործը 5 տարի է դոփում է տեղում, իրավունք ունեմ կասկածի տակ դնել Ձեր կառույցների գործունեությունը: Հիմա պարոն Աբազյանը բարձրաձայն կասի՝ 2024թ. փետրվարից այս քրեական գործը գտնվում է ՀՀ քննչականում, ճիշտ եք, բայց ի՞նչ է արել Ձեր կառույցը հոկտեմբերի 27-ի ահաբեկչության պատվիրատուների, կազմակերպիչների ու հրահրողների վերաբացված գործը բացահայտելու ուղղությամբ:

Պարզվում է՝ ՈՉԻ՛ՆՉ, որովհետև 2020-2023թ.թ. անձամբ, իմ պահանջով մի քանի անգամ հրավիրվել եմ ԱԱԾ և ոչ միայն ես, արդյունքում ՀՀ դատախազության այս տարվա՝ 2024թ. հոկտեմբերի 27-ին տարածած ոչինչ չասող հաշվետվությունն է: Դե, տիկին Գրիգորյանն էլ, լավագույն դեպքում, կկարդա այս նամակս կասի՝ ես նոր կառույց եմ և անցյալի համար պատասխանատու չեմ: Իսկ ես հարցեր ունեմ. Պարոն Աբազյան, Ձեզ ծանո՞թ է, դիտե՞լ եք «Ազատություն» ՌԿ-ի այս նյութը՝ կարդացեք ու տեսեք, թե ինչպիսի բացթողումներով է, մեղմ ասած, 1999-2003թ.թ. տարվել ահաբեկչության բացահայտման գործը՝ հատկապես օտարերկրյա կազմակերպիչների, պատվիրատուների ուղղությամբ:

Այնտեղ կան շատ կասկածելի անուն ազգանուններ, որոնք արդեն հարցաքննված պետք է լինեին: Այնինչ, ոչինչ չեք արել ու հասարակությանը հայտնի չէ, թե 2024թ. փետրվարից ՀՀ քննչականում ինչ են անում: 4 տարում այդպես էլ չքննեցիք իմ փաստաբան Զարուհի Մեժլումյանի հիմնավորված հարցադրումները, որոնք կարող էին լույս սփռել ահաբեկչության կազմակերպիչներին բացահայտելու ուղղությամբ: Ոչինչ չարեցիք, չլսեցիք Տարոն Սահակյանին, որը բազմաթիվ լրջագույն փաստեր է ձեզ տրամադրել: Տիկին Գրիգորյան, արդյո՞ք Ձեր կառույցն ամեն ինչ անում է նման ահաբեկչությունների կանխարգելման ուղղությամբ:

Պարոն Քյարամյան, հանդիպում եմ պահանջում: ՀՀ գլխավոր դատախազ տիկին Աննա Վարդապետյան, հանդիպում եմ պահանջում: Վերջապես հարց ունեմ ՀՀ վարչապետին. երբ 2023թ. սեպտեմբերի 9-ին Կարեն Դեմիրճյանի արձանի բացման արարողության ժամանակ հայտարարեցիք, որ հոկտեմբերի 27-ի պետական ահաբեկչության մեղավորներին բացահայտելը մեծ պատիվ կբերի Հայաստանի Հանրապետությանը, Հայաստանի իրավապահ համակարգին, այսինքն՝ Ձեր իշխանությանը, կարծում եմ նախապես հետաքրքրվել էիք ԱԱԾ տնօրենից, թե ի՞նչ է արվել այդ ահաբեկչության կազմակերպիչներին, պատվիրատուներին, հրահրողներին բացահայտելու ուղղությամբ և ստացել էիք անհրաժեշտ տեղեկատվություն, բայց այդ մասին լռում եք թե՛ Դուք, թե՛ ԱԱԾ տնօրենը…

Այսինքն ԱՅԴ ՊԱՏՎԻՑ ԶՐԿԵԼ ԵՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆՆ ՈՒ ՁԵՐ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ: Այսօր էլ լռում է ՀՀ քննչականի պետ պարոն Քյարամյանը: ԻՍԿ ԵՍ ՉԵ՛Մ ԼՌԵԼՈՒ, ԵՍ ՊԱՀԱՆՋԱՏԵՐ ԵՄ, ԵՍ ԻՄ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԵ՛ՐՆ ԵՄ Հ.Գ. Դիմում եմ հետաքննող լրագրողներին, ԴՈՒՔ ՊԵ՛ՏՔ Է ԶԲԱՂՎԵՔ ԱՅՍ ԳՈՐԾԻ ԲԱՑԱՀԱՅՏՄԱՄԲ: ԴՈՒՔ ԿԱՐՈ՛Ղ ԵՔ:

Անահիտ ԲԱԽՇՅԱՆ

Պանթուրքիզմը՝ ՀՀ-ի, ՌԴ-ի, Իրանի և Չինաստանի ազգային անվտանգության սպառնալիք

Ամեն ինչ արված է, որ գուբերնիա լինենք. Փաշինյանը կատաղել է

Եթե ՀՀ ում կրակեն, Փարիզում դժվար բան փոխվի, իսկ ՌԴ ի ներկայությամբ` կփոխվի Մարկեդոնով