ՄԵԴԻԱ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ Հունվարի 9-12

ԵՄ և ԵԱՏՄ երկընտրանք

Կառավարությունը քարոզչական նոր փուչիկ է փչում՝ նպատակ ունենալով հասարակության ուշադրությունը շեղել հիմնական հուզող հարցից՝ Ադրբեջանը կհարձակվի՞ Հայաստանի վրա։ Լավագույն շեղողը, բնականաբար, «գնում ենք Եվրոպա» քարոզչական մանյովրն է, որն էլ ազդարարվեց նրանով, որ Կառավարությունը հավանություն տվեց ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագծին։ Ու ինչպես «վոժդն» ասաց, այնուամենայնիվ, սա դեռ ոչինչ չի նշանակում, քանի որ «Հայաստանը ԵՄ անդամ կարող է դառնալ միայն այն դեպքում, երբ կնշանակվի հանրաքվե»։ Եթե պարզ, ասաց երկու բան. «սիրելի «հպաաարտ» ժողովուրդ, ես ձեզ խաբում եմ, բայց դուք շարունակեք կուտն ուտել» և որ լինելու է հանրաքվե ու հենց «Եվրաքվեի» սոուսով էլ սղացնելու են Արցախի վերջնական հանձնման հարցը։

Եվրոպայից արագ ողջունեցին Կառավարության որոշումը՝ Եվրոպական խորհրդարանում Հայաստանի հարցով մշտական ​​զեկուցող, պատգամավոր Միրիամ Լեքսմանի X-ի գրառումով։ Բայց նույնքան ոգևորված չեն ոչ ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը, որ ասել է, թե «Տեղյակ ենք Հայաստանի կառավարության որոշման մասին և կուսումնասիրենք այն»։ Բոցաշունչ չէ նաև  ԵՄ արտաքին հարաբերությունների  և  անվտանգության հարցերով գլխավոր խոսնակ Անիտա Հիպերի արձագանքը, թե «Եվրամիությունը կվերլուծի Հայաստանի կառավարության հավանությանն արժանացած օրինագիծը կառույցին անդամակցության գործընթաց սկսելու մասին և հարցը կքննարկի Հայաստանի իշխանությունների հետ»։

Հիմա ավելի պարզ, Եվրոպայում մեզ դեռ չեն սպասում, ամենայն հավանականությամբ՝ դեռ երկար չեն էլ սպասելու։ Մեկը լինի հենց ԵՄ-ի ներքին հարցերը կարգավորի, ուր մնաց մի հատ էլ «ջարմա» Հայաստան շալակեն։

Փոխարենը երկար սպասեցնել չտվեց Ռուսաստանի արձագանքը։ Առնվազն չորս բարձրաստիճան պաշտոնյա զգուշացրել է այն հետևանքների մասին, որ կարող են առաջանալ՝ Եվրոպային «այնքան մոտենալ, որքան հենց Եվրոպան կուզի» կապույտ երազանքի իրականացման արդյունքում։ Իհարկե, ՌԴ-ում չմոռացան նշել նաև այն, որ «Եվրամիությանն անդամակցությունը Հայաստանի ինքնիշխան իրավունքն է»։

Ամենանշանակալին ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի այն հայտարարությունն էր, որ «Չեմ զարմանա, եթե Ալիևի հայտարարություններից հետո Փաշինյանը հիշի, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է», ինչը մեր շուրջ սեղմվող օղակի պայմաններում ուղիղ ակնարկ է, որ «Կդիմեք, արա՛», երբ ժամանակը գա։ Իսկ ԵՄ, թե ԵԱՏՄ բանավեճի համատեքստում սա նաև Հայաստանի անվտանգային հովանոցի թուլացման վերաբերյալ նախազգուշացում է։

Ալիևին պատասխանելու ամենատարբեր ձևաչափեր

Իսկ այս ընթացքում Ալիևի ռազմական ուղիղ սպառնալիքներին Փաշինյանը օրիգինալ պատասխանելու կամ իր պատասխանները մեկնաբանելու նոր եղանակներով է դրսևորվում։ Մեկ ֆեյսբուքյան գրառում է, որտեղ օկուպացված Արցախը ներկայացվում է՝ որպես Արևմտյան Ադրբեջան (թե բա Արևմտյան Ադրբեջանը Ղազախն է, Լաչինն է, Կուբաթլուն է, Զանգելանն է)՝ վերջնականապես ձեռքերը լվանալով Արցախից։ Նույն գրառման մեջ Փաշինյանը հայտնում է իր պատրաստակամությունը՝ Մինսկի խումբը լուծարելու մասով, հետո էլ դա հաստատում է իր մամուլի խոսնակի բերանով («Հայաստանը դիտարկում է Մինսկի խումբը լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը»)։ Մեկ այլ «օրիգինալ» ձևաչափ է զուգընկերուհու հետ հերթական «ընտանեկան» պոդկաստը նվիրում է թեմային։ Տեսնես Բաքվում նստած օրինական ամուսինների զույգը որքան է ծիծաղել այս ամենի վրա։ Դա չենք իմանա, բայց կիմանանք, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն պատասխանել է  Նիկոլ Փաշինյանին՝ ասելով, թե «Իսկ իրականում ի՞նչ է նշանակում այս ամենը։ Պարոն վարչապետ Նիկոլ Փաշինյան, թող ձեր գործողություններն ավելի բարձր խոսեն, քան խոսքը»՝ բնականաբար չմոռանալով հերթական անգամ Հայաստանին մեղադրել տարածքային պահանջների մեջ։

Իսկ հայկական փորձագիտական դաշտը, ամեն նոր «օրիգինալ» պատասխանից հետո, է՛լ ավելի մեծ համոզմունք է հայտնում, որ Ալիևի և Փաշինյանի ելույթները համաձայնեցված են։ Դժվար է դրան չհամաձայնելը։

Բոլորը շունչերը պահած սպասում են սահմանային լարմանը

Հայաստանի շուրջ սեղմվող օղակի ու հավանական պատերազմի մասին խոսում են բոլորը՝ բացի Հայաստանի իշխանություններից։ Ընդ որում, խոսում են և՛ ուղիղ տեքստով, և՛ ակնարկներով։ Բայց եվրոպամետների սիրտը փարատվել է, քանի որ ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հայտնել է, որ «Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը հանգիստ է»։ Միայն հիշենք, որ նրանք ՀՀ սահմանից այն կողմը չեն դիտարկում։ Հա, ու մեկ էլ պետք է հասկանալ. Իսկ ՀՀ սահմանը ո՞րն է։

Փորձագիտական շրջանակները ահազանգում են, որ ստեղծված իրավիճակում կառավարության ղեկավարի այս «բարադի» գործունեությունը միայն մի բան է նշանակում, որ հավանական պատերազմի դեպքում Հայաստանը որևէ դիմակայման պլան չունի, ուստի սպիտակ դրոշ է բարձրացնելու ու հանձնվի։

Սա հրաշալի հասկանում են նաև Անկարայում։ Հենց այդ պատճառով է Թուրքիայի ԱԳՆ Հաքան Ֆիդանը ասում, թե «Կարևորում ենք վարչապետ Փաշինյանի դրական ուղերձները խաղաղության ուղղությամբ», իսկ ուղերձները բացառապես հանձնվողական են։ Դրանից բացի, Ֆիդանը նաև ասել է, որ «Ուզում ենք, որ Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագիր ստորագրվի» ու այդ հարցով «քայլում ենք ուս ուսի Ադրբեջանի հետ»։ Այսինքն՝ առաջիկա հավանական պատերազմում այդպես ուս ուսի էլ Հայաստանը ծնկի են բերելու։

Վերջը ռազմավարական համագործակցություն կլինի՞ ԱՄՆ-ի հետ

Վաշինգտոնն «այս պահին դիտարկելու կամ հայտարարելու որևէ բան չունի» Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրման վերաբերյալ հայտարարել են ԱՄՆ պետքարտուղարությունից։ Ու պարզ է, որ այս փուչիկը, որը ներկայացվում է իբր «Հայաստանի փրկություն», ևս պայթում է։ Իսկ հավանական պատերազմի ընթացքում հավանականությունը զրոյական է, որ իր դաշնակից Թուրքիային թողած՝ ԱՄՆ հենց մեր կողմն է բռնելու։

ԵՄ հատուկ ներկայացուցիչն է Հայաստանում

Մեզ օգնության ձեռք չի մեկնելու նաև Եվրամիությունը, որի հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն Ադրբեջան այցից հետո Հայաստան էր ժամանել և ունեցել մի շարք բարձրաստիճան հանդիպումներ՝ այդ թվում Փաշինյանի, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, ԱԳՆ-ի հետ։ Քննարկված հարցերի մասին ստանդարտ ու ոչինչ չասող մամուլի հաղորդագրություններ են տարածվել՝ թե բա «տարածաշրջանային խաղաղություն», «եվրաինտեգրում»…

Ադրբեջան – ԵՄ

Իսկ ահա Ալիևը Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի հետ է հեռախոսազրույց ունեցել։ Կոշտան ցավակցություն է հայտնել օրեր առաջ ադրբեջանական AZAL ինքնաթիռի կործանման հետ կապված (նկատենք, որ սա աջակցություն է Ադրբեջանի հակառուսական վերադիրքավորմանը)։ Կոշտան նաև հայտնել է իր մեծ ցանկությունը մոտ ապագայում հանդիպել Ալիևի հետ՝ «շարունակելու մեր համագործակցության ամրապնդումը»։ Հիշեցնենք, որ համագործակցության հիմնական ուղղությունը էներգակիրների արտահանումն է, որի դիմաց Ադրբեջանը ստանում է Արևմուտքի անտարբեր լռությունն՝ իր գործած մարդկության դեմ հանցանքների մասով։

Իրանի անվտանգության գերագույն խորհրդի ղեկավարի այցը Երևան

Ալի Աքբար Ահմադիանի գլխավորած պատվիրակությունը, որ Ադրբեջան էր ժամանել Ալևի ռազմատենչ հայտարարություններից հետո, նաև Հայաստան էր այցելել ու տեղում հանդիպել մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների՝ ԱՔԽ-ի, կառավարության ղեկավարներին։  ու Իրանը միմյանց կապված են բնական շահերով, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար հետ հանդիպմանը: Հայաստան-Իրան հարաբերությունների կարևորությունը նշելը եղել է տարածված հաղորդագրությունների առանցքը։ Բայց ամենակարևորն այն է, որ իր խոսքում  Ալի Աքբարը անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին ու նշել, որ Իրանն աջակցում է նախագծի իրականացմանը՝ դրանում ամրագրված սկզբունքների հիման վրա (կարդալ՝ ՀՀ տարածքային ամբողջականության սկզբունքներին համապատասխան):

Այս հանդիպումը հատկապես կարևոր է այն առումով, որ որքան էլ իրանական լրատվամիջոցները գրեն, թե հանդիպումները նախապես պլանավորած են եղել, բայց պարզից էլ պարզ է, որ Իրանի անվտանգության համար պատասխանատու նման բարձրաստիճան պաշտոնյայի այցը զուտ քաղաքական զբոսանք չէր։ Գոնե մեզ համար ակնհայտ է, որ Իրանը, տարածաշրջանային վերջին իրադարձությունների ֆոնին, ստիպված է առնվազն տեղեկանալ, թե ինչ են պլանավորում ՀՀ և Ադրբեջանի ղեկավարները, որքանով է դա հակասում իրենց շահերին ու ըստ դրա որոշումներ կայացնել, ինչն էլ հավանաբար շուտով կտեսնենք Իրանի տարբեր պաշտոնյաների կողմից արվող հայտարարություններով։

Իրանը մկաններն է մարզում

Իսկ Իրանն ամեն ինչ անում է, որ իր բանակի ամենաթույլ կետը՝ ՀՕՊ-ը ամրացնի։ Մասնավորապես հայտնի է դարձել, որ իրանական 1000 անօդաչու թռչող սարքերը, որոնք նախագծվել և արտադրվել են բանակի կողմից՝ Պաշտպանության նախարարության և Զինված ուժերի նյութատեխնիկական ապահովման  դեպարտամենտի հետ համագործակցությամբ, առաջիկա օրերին կհամալրեն բանակը: Իրանի բանակի ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ Կիումարս Հեյդարին ընդգծել է, որ դրանք կօգտագործվեն սպառնալիքներին դիմակայելու համար։

Դրանից բացի, Իրանը 800 կմ շառավղով ռադար է տեղադրել, որն ընդգրկում է Հայաստանի և Ադրբեջանի օդային տարածքը, նաև այս պետությունն իր հյուսիսում և արևմուտքում իրականացրել է «Էխտեդար» հակաօդային պաշտպանության զորավարժություններ։ Դրանցում ներգրավված են ոչ միայն հակաօդային պաշտպանության ուժեր, այլև մարտական ինքնաթիռներ և անօդաչու սարքեր:

Իրանը ստիպված է գնում այս քայլերին, քանի որ բացի իսրայելական հոխորտոցներին, վերջին օրերին նաև Ուկրաինայում ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգը ասել է, որ Աշխարհը պետք է վերադառնա Իրանի նկատմամբ առավելագույն ճնշման քաղաքականությանը։ Սա սպասելի հայտարարություն էր, քանի որ ԱՄՆ-ի նորընտիր ադմինիստրացիան երբեք էլ չի թաքցրել իր պրո-իսրայելական մոտեցումները, իսկ Իսրայելի համար Իրանը շարունակում է մնալ «չարիքի առանցքը»։

Պուտին-Թրամփ հանդիպում կլինի

Թրամփն ու Պուտինը պատրաստվում են իրենց առաջիկա հանդիպմանը։ Սա, թերևս, աշխարհում այս պահին ամենասպասված հանդիպումն է, քանի որ սկիզբ է դնելու աշխարհի նոր բաժանման սկզբին։ Ու դրա կարևորությունը հասկանալով՝ Շվեյցարիան արդեն իսկ առաջարկել է կազմակերպել այն։ Իսկ ՄԱԿ-ից հայտարարել են, որ  «կողջունեն ՌԴ և ԱՄՆ միջև ցանկացած երկխոսություն»: Հայտարարությունը տարածել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի գրասենյակը։ Հիշեցնենք, որ Գուտերեշը, անկախ Արևմուտքի «մունաթից», մասնակցել էր նաև ԲՐԻԿՍ-ի վերջին գագաթաժողովին՝ ըստ էության ցույց տալով իր կառուցողական լինելը։

Ամերիկան կրակների մեջ է

Իսկ մինչև այդ Ամերիկայում շարունակվում են ահասարսուռ անտառային հրդեհները, որոնք տեղի են ունենում հատկապես հայաշատ Կալիֆորնիայում։ Այս ընթացքում մի շարք հայտնի հայեր, որ բնակություն էին հաստատել ԱՄՆ-ում, տեղեկացրել են իրենց տարհանման մասին։ Ամբողջությամբ այրվել է Լոս Անջելեսի ամենահին՝ Սահակ Մեսրոպ հայկական դպրոցը։ ԱԳՆ-ն էլ հայտնել է, որ օր օրի շատացող զոհերի թվում ՀՀ քաղաքացիներ չկան։

Անտառային հրդեհները ևս Բայդեն-Թրամփ պոլեմիկայի առարկա են դարձել։ Բայդենը Կալիֆոռնիայում արտակարգ դրություն է հայտարարել  ու խոստացել ամբողջությամբ փոխհատուցել պատճառված վնասը՝ առաջիկա մի քանի տարիների ընթացքում։ Թրամփն էլ մեղադրել է նրան՝ հայտարարելով, թե «Սա կառավարություն չէ, չեմ կարողանում համբերել մինչև հունվարի 20-ը»։

Ամենահետաքրքիրն այն է, որ կրակները կուլ են տվել Արևմուտքի գլխավոր քարոզչական գործիքը՝ Հոլիվուդը։ Շատ սիմվոլիկ է՝ նոր աշխարհակարգի ձևավորման այս փուլում։

Ուկրաինայի գործերը լավ չեն

Հրդեհները՝ հրդեհներով, բայց Ուկրաինայի հարցը ԱՄՆ-ի հեռացող վարչախումբն ամեն ինչ անում է, որ Թրամփի գլխացավանքը դառնա։ Արդեն իսկ հայտնի է, որ ԱՄՆ-ն Ուկրաինային 500 մլն դոլարի չափով ռազմական օգնության նոր փաթեթ կհատկացնի։ ԱՄՆ-ի այս մոտեցումներին Եվրոպայում, որն ամենաշատն է տուժել հակամարտությունից, համակարծիք է կարծես միայն Ֆրանսին, որի նախագահ Մակրոնը օրերս հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին ու քննարկել Ուկրաինայի ու Մերձավոր Արևելքի խնդիրները։ ԵՄ-ն էլ իստիտուցիոնալ առումով Ուկրաինայի կողմից է։ Եվրամիությունը G7-ից (Մեծ յոթնյակ) 3 միլիարդ եվրո է փոխանցել Ուկրաինային վարկի տրանշի տեսքով. այս գումարը Ռուսաստանի Դաշնության սառեցված ակտիվների վերաներդրումից ստացված եկամուտն է:

Փոխարենը Der Spiegel-ի տեղեկություններով՝ Օլաֆ Շոլցի գրասենյակն արգելափակել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքի և պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսի նախաձեռնությունը լրացուցիչ երեք միլիարդ եվրո հատկացնել Ուկրաինային հրատապ ռազմական օգնության համար։ Գերմանիայի կանցլերը հասկացրել է, որ չի աջակցում Կիևին լրացուցիչ միջոցներ հատկացնելուն՝ բավարար համարելով 2025 թվականի համար արդեն նախատեսված չորս միլիարդ եվրոյի ռազմական օգնությունը։ Հունգարիան էլ սպառնում է արգելափակել ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցությունը՝ գազի տարանցման դադարեցման պատճառով։

Մի խոսքով խառն է Արևմուտքը ու երկփեղկված։ Բոլորն են հասկանում, որ Ռուսաստանին այլևս հնարավոր չէ ստիպել հետ կանգնել, ու իսկապես հասկանալի չէ, թե էլ որքան է Արևմուտքը հովանավորելու նախապես հայտնի այս մսաղացը։

Սիրիայի նոր ղեկավարությունը կրեդիտներ է հավաքում

Գերմանիան, որի ԱԳՆ-ի ձեռքը հրաժարվել էին սեղմել Սիրիայի նոր իշխանությունները, 50 միլիոն եվրո հավելյալ մարդասիրական օգնություն կտրամադրի Սիրիային։ Առհասարակ, հատկապես Սիրիա այցից հետո Աննալենա Բերբոքը շատ ակտիվ է, մի տեսակ տպավորություն է, թե փորձում է «մեղքեր քավել» Սիրիայի հանդեպ։

Արաբական աշխարհի ներկայացուցիչներն էլ փորձում են ամեն կերպ ոտքի կանգնեցնել այս պետությունը, քանի որ ըստ էության՝ սա մի ընդհանուր տարածք է՝ թեև բազմաթիվ ներքին խնդիրներով։ Այսպես, այս օրերին Սիրիայում գտնվող Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար արքայազն Ֆեյսալ բեն Ֆարհան Ալ Սաուդը հայտարարել է, որ Սիրիայի նախկին կառավարության նկատմամբ կիրառված պատժամիջոցների պահպանումը կխոչընդոտի Դամասկոսի իշխանափոխությունից հետո երկրի վերականգնմանն ու զարգացմանը։

Սիրիայի զարգացման մասով Թուրքիան բոլորովին այլ պլաններ ունի։ Թուրքիայի զինված ուժերը պատրաստության են բերվել՝ կապված Սիրիայում Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) դեմ հնարավոր գործողության հետ։ Türkiye թերթը հայտնում է, որ «Այժմ Թուրքիան պատրաստվում է իրադարձությունների ցանկացած զարգացման, այդ թվում՝ ռազմական գործողությունների»։ Թուրք-քրդական ուժեղ բախման միակ խոչընդոտը շարունակում է մնալ ԱՄՆ-ն, որն անթաքույց աջակցում է քրդերին։ Ու իսկապես դժվար է ասել, թե որքան այդ աջակցությունը կշարունակվի, քանի որ Սիրիայի արևմտացման համար հավանական է, որ «փուռը տան» նույնիսկ Քրդստանի պետության պրոյեկտը՝ հետևում թողնելով հազարավոր զոհեր։

Լիբանանը նախագահ ունի

Երկու տարուց ավելի Լիբանանի նախագահի պաշտոնը թափուր մնալուց հետո խորհրդարանը բանակի հրամանատար, գեներալ Ժոզեֆ Աունին ընտրել է երկրի նախագահ։ Աունն ընտրվել է քվեարկության երկրորդ փուլում 99 ձայն ստանալու արդյունքում, որին մասնակցել են բոլոր 128 պատգամավորները: Ընտրված նախագահ Ժոզեֆ Խալիլ Աունը լիբանանյան բանակի տասնչորսերորդ հրամանատարն է: Նա բանակը ղեկավարում է 2017 թվականի մարտից՝ փոխարինելով գեներալ Ժան Կահուաջիին։ Աունը համարվում է արևմտամետ գործիչ, ինչը կարելի է նաև հասկանալ շնորհավորանքների աշխարհագրությունից և ժամանակահատվածներից։ Նրան շնորհավորական ուղերձ է հղել նաև Փաշինյանը՝ գրելով. «Վստահ եմ, որ նախագահ Աունի պաշտոնավարումը եղբայրական Լիբանանին կայունության և բարգավաճման նոր դարաշրջան կբերի»։

Վրաստանում այլընտրանքային իշխանություն են ձևավորում

Վրաստանում այլընտրանքային իշխանության ձևավորման փորձ է արվում։ Մասնավորապես, նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Թբիլիսիում կայացած ճեպազրույցում ներկայացրել է նոր գրասենյակը և ասել, որ այնտեղ կշարունակի կատարել «նախագահի գործառույթները»։ «Ես նախագահ եմ և կլինեմ նախագահ»,- նշել է նա։ Հետաքրքրական է, որ Թբիլիսիի կենտրոնում գտնվող գրասենյակում անցկացված ճեպազրույցի ժամանակ նրա հետևում, Վրաստանի և Եվրամիության դրոշներից բացի, դրված էր նախագահական ստանդարտը։

Իր այլընտրանքային նախագահ լինելու հանգամանքը Զուրաբիշվին ընդգծել է՝ նաև հայտարարելով, թե գնալու է ԱՄՆ և մասնակցելու է նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությանը։ «Վաշինգտոնում կլինեմ Ջո Ուիլսոնի հրավերով։ Դա կարևոր է, ես այնտեղ բարձր մակարդակի հանդիպումներ կունենամ»,- ասել է նա։

Իսկ իր համախոհների հետ հանդիպման ընթացքում Զուրաբիշվիլին առաջին անգամ է խոստովանել, որ ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության ու ասել է, թե նոր կուսակցություններ պետք է ստեղծվեն, որ դիմակայեն «ոչ դեմոկրատական ռեժիմին»։ Մի տեսակ ծանոթ չի՞ հնչում։

ՔՊ նիստը և հերթական սկանդալը

ՔՊ ներքին պառակտումն այլևս հնարավոր չէ պահել պատերի ներսում այնպես, որ այլևս քպ-ականները ստիպված են հերքման ամենածիծաղելի պատճառաբանությունները բերել։ Բանն այն է, որ ՔՊ վերջին նիստը ավարտվել է քաշքշուքով. ՔՊ-ական Հայկ Սարգսյանն ու Տավուշի մարզպետը Փաշինյանի ներկայությամբ վիճել են՝ Տավուշում ապօրինի անտառահատումների թեմայով։

Երևի թե սկանդալի թեման իրենով անելու նպատակով՝ «բուռն քննարկման» մասին հաղորդել էր ՀՀ գերագույն գլխավոր բլոգերը՝ չհայտնելով մանրամասները։ Հետո արդեն՝ քպ-ականների ամենատարբեր «կռուտիտներ»…

Ճաքերը էլ կոմպրոմատային ցեմենտով էլ հնարավոր չէ լցնել։

Փրայմերիզը հասավ Փարաքար

Փարաքարում էլ փրայմերիզ կանցկացվի, որին մասնակցելու է նաև նախկին համայնքապետը, որը կրակոցներով սկանդալի կենտրոնում էր հայտվել։ Նախնական ընտրություն կոչվածը տևելու է 3 օր և դրան մասնակցելու են Արփինե Առաքելյանը, Լյուդվիգ Գյուլնազարյանը, Կարեն Երեմյանը, Մհեր Հարությունյանը, Արման Մնացականյանը, Գոռ Սարիբեկյանը: Հետաքրքրական է, որ լրատվամիջոցների հարցերին տեղի բնակիչները, ինչպես և Գյումրիում, ոչ իմացել են թեկնածուներից շատերին, ոչ էլ առհասարակ հասկացել են, թե ինչ ու ինչի համար են ընտրելու։

Աչքալուսանք՝ մարզերի բնակիչների համար

Արմավիրի մարզի Փարաքար համայնքի բնակիչներից շատերը նաև տեղյակ չեն, որ հավանական է, որ առաջիկայում ստիպված լինեն բարձր ուղեվճար տալ։ «Հայաստանի  բազմաթիվ մարզերում դեռևս ունենք տրանսպորտային միջոցներ, որոնք, անձամբ մեր գնահատմամբ, բավարար վիճակում չեն գտնվում։ Այդպիսի պատկեր է նաև Արմավիրի մարզում»,- ասուլիսում «ավետել» է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։ Նա նշել է, որ մրցութային գործընթացներ կան, հնարավոր է տրանսպորտի գնի որոշակի բարձրացումներ, նաև որոշակի գնիջեցումներ։ «Գները պայմանավորված են հայտերի գնառաջարկով։ Չեմ բացառում գնի անփոփոխ մնալը,  գնի որոշակի բարձրացումը, գնի որոշակի իջեցումը»,- ասել է Խուդաթյանը։

Պարզ է, չէ՞, որ սա անոնս է։ Դե ասենք «շնորհավոր»։

Օրհներգի փոփոխությունը՝ առաջնային խնդիր

Շնորհավոր ասելու մի առիթ էլ ունենք։ Երկար ու տաժանակիր ֆոնային պայքարից հետո՝ Փաշինյանն իր ճաշակով ու արդեն ԱԺ հանձնաժողովի՝ օրենքի նախագծին տված հավանությամբ փոխել է ՀՀ օրհներգի տեղերը։

Դե բլոգերը չի կարող իր երկրի ազատության համար զոհվել, իրենը ձվածեղն ու անդադար քեֆ-ուրախությունն է։

Պետությունը փողի մասին է՝ ըստ Փաշինյանի

Քեֆ ու ուրախություն ու ամենակարևորը՝ լիքը փող, որ դա կարողանաս անել։ Հենց այդ պատճառով էլ Փաշինյանը միայն փողային թեմաներ է քննարկում՝ այս անգամ Իջևանում կայացած արտագնա խորհրդակցության ժամանակ, որին մասնակցել են անգամ նախագահի պաշտոնը զբաղեցնողն ու գործադիր, օրենսդիր անդամներն ու ինքնավար մարմինների ղեկավարները:

Փաշինյանը նորից մտածել է (ոնց անենք էլ չմտածի) ու եկել է եզրակացության, որ Հայաստանի Հանրապետության պետական շահի առանցքում պետք է ունենանք Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման շահը, որովհետև «իմ ընկալմամբ, ես այդ թեմայով շատ մտածել եմ, կոնկրետացնելու համար, թե որն է պետական շահը: Եվ հենց տնտեսական զարգացումն է իմ կարծիքով, որովհետև ավելի կոնկրետ և ավելի դիպուկ համապատասխանություն չեմ գտնում և չեմ կարծում, թե գոյություն ունի»:

Բայց որ այդքան փողի մոլուցքը չճչա ու համ էլ իր գծից շատ չշեղվի, նա նաև հայտարարել է, թե պակաս կարևոր չէ կոռուպցիայի դեմ պայքարն ու թվայնացումը (այս վերջինն էլ, որ ավելի «ֆիրմա» երևա)։ Փող, շատ փող… ու ոչ երբեք անվտանգություն։ Փաշինյանին շտապ պետք է պետության տեսության մասին գրքեր նվիրել։

44-օրյայի երկար ջուր քաշող խմորը

Պետության մասին բացառապես շահի տեսանկյունից մտածող պաշտոնյա, դու գոնե հասկանո՞ւմ ես, որ դու «ղեկավարում» ես մի երկիր, որտեղ պատերազմի արդյունքում անհետ կորածների ծնողներին տանում-բերում ես ու միևնույն է, նրանց ոչ հարցերն ես կարողանում լուծել, ոչ էլ որևէ բան կարող ես անել։ Դու «ղեկավարում» ես մի երկիր, որտեղ քո իսկ տված հերոսի կոչումով մարդկանց ես դատում, որտեղ քո մտերիմները մի քանի տարում մուլտիմիլոնատեր են դառնում, իսկ հասարակ ժողովուրդն ավելի է աղքատանում։

Բայց ամենակարևորը, դու մի երկրի «ղեկավար» ես, որի ԱԺ համապատասխան հանձնաժողովի ղեկավարը տարիներով քննում է քո հրահրած պատերազմը, հետո անում եզրակացություններ, որոնք մեր իրականության հետ կապ չունեն, բայց հզոր գործիք են՝ հենց քեզ շանտաժ անելու համար…

Ու հենց այդ հանձնաժողովի նախագահն էլ մեծ «օդոլժենի» է անում՝ հանդիպելով անհետ կորածների հարազատների հետ, ու պարզ չէ, թե ինչ են խոսել, քանի որ ոչինչ չեն հայտնել լրագրողներին։ Մի բան է միայն պարզ, որ այդքան կարճ տևած հանդիպման ընթացքում դժվար թե շատ բան հայտնի դառնար, մանավանդ այնքան դժվար թեմայի մասով, ինչպիսին է 44-օրյա պատերազմը։

Թույլ պետության ինդիկատոր քրեածին մթնոլորտը

Թույլ պետության ևս մեկ դրսևորում է քրեական տարրի ակտիվացումը երկրում։ Ու հարցը որևէ կերպ չեն լուծելու «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ գնացած Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը և ՄԻՊ Անահիտ Մանասյան։ Ամենացավալին այն է, որ սույն տիկնանց այցի օրը նույն քրեակատարողանակում պատիժը կրողներից մեկն ինքնասպան է եղել՝ կախվելու միջոցով։ Մի քանի օր առաջ էլ մեկ այլ կալանավոր լեզուն էր կտրել… էլ չխոսենք փողոցում տիրողի, հանցավորության ահռելի աճի մասին, այն աստիճան, որ մինչև անգամ թալանվում է ընդդիմադիր լրագրողի բնակարանը…

Արտաքին հետախուզություն են կայացնում

Ներքին իրավիճակը թողած՝ Հայաստանը կայացնում է արտաքին հետախուզության ինստիտուտը։ «Արտաքին հետախուզական ծառայության կայացումն ընթացքի մեջ է»,-  ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է «Պետական գաղտնիքի մասին» օրենքի նախագիծը քննարկելիս ասել է արտաքին հետախուզական ծառայության ղեկավար Քրիստիննե Գրիգորյանը՝ հավելելով, որ ընթացքը համարում են բավարար։

Դե բայց ինչո՞ւ այդքան համեստ։ Բավարարը ո՞րս է։ Ամեն ինչ գերազանց է։ Պետբյուջեից ահռելի գումարներ են հատկացվում, ու պարզ չէ, թե ինչի վրա։ Բայց այ Քրիստիննեի բավարաված լինելը բոլորվին էլ անսպասելի չէ։

Դատական իշխանությունը օրն էին նշում

Դատական իշխանության հանդեպ ամենամեծ ոտնձգությունն իրականացրած իշխանությունները ամբողջ վերնախավով նշել են Դատական իշխանության օրը։ Բոցաշունչ ու իրականության հետ աղերս չունեցող ելույթները, իհարկե զավեշտալի են։ Դատավորներին դիմելով՝ նորելուկ նախարար Սրբուհի Գալյանը ասել է, թե «Ձեր հիմնական առաքելությունը ոչ թե արդարադատության իրականացումն է, այլ արդարության սահմանումը»։ Ու լսողների մեջ դատավորներ կան, որ մոտավորապես սույն տիկնոջ տարիքի փորձ ունեն։ Նա խոսել է կանխատեսելի արդարադատության հիմքերի ստեղծման անհրաժեշտության մասին։ Հետաքրքիր է, «կանխատեսելին» ո՞րն է։ Այն, որ արտահոսած հեռախոսազրույցներից միանգամից պարզ լինի, թե ո՞վ է կալանավորմանդ որոշումը կայացնում։ Բայց մի կետից կառավարվող արդարադատության պայմաններում ամենազավեշտալին նախագահի ուղերձն է, թե բա «Յուրաքանչյուր դատավոր պետք է գործի բացառապես օրենքի և իր խղճի թելադրանքով»։ Չէ, լո՞ւրջ… Այս նույն սերիային կարելի է դասել Փաշինյանի հերթական լեզվաբական զեղումը։ Այս անգամ որոշել է, որ  արդարությունն ու արդարադատությունը, ճշմարտությունը և արդարադատությունը, օրինականությունը, արդարադատությունը և ճշմարտությունը լինեն հոմանիշներ։ Իսկ կարո՞ղ ենք Փաշինյան և «հակահայ» բառերը դարձնել հոմանիշ…

Դպրոցը գերեզմանից 50 մետր ա հեռու «Հաղթանակում», մենք ադրբեջանցի չենք, հայ ենք, «դավադիտ» ենք եղել

Էս իշխանության համար հոգի տվեցինք, դրեցինք աթոռներին, իսկ այսօր նրանց ձեռքը տառապում ենք

Սրանք սաղ չա*լախ են․ չենք վիրավորում իգական սեռ կա․ քաղաքացին ու ոստիկանը վիճեցին