Ադրբեջան-Ղազախստան դաշինքը բխում է Թուրքիայի և Արևմուտքի շահերից

Եղբայրական Ադրբեջանի հետ հարաբերությունները շատ կարևոր նշանակություն ունեն Ղազախստանի համար. այս մասին ասել է երկրի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևն Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են խոշոր ռազմավարական ծրագրերի իրականացման, այդ թվում՝ Կասպից ծովի հատակով օպտիկամանրաթելային կապի գծի և խորջրյա էլեկտրական մալուխի անցկացման հարցեր։ Քննարկվել են նաև առևտրի, ներդրումների, թվայնացման, տարանցման և տրանսպորտի ոլորտներում հետագա համագործակցության հեռանկարները։

Ադրբեջանն ու Ղազախստանը կյանքի են կոչում Տրանսկասպյան տրանսպորտային միջանցքը կամ Միջին միջանցքը, ինչը թույլ կտա ղազախական ապրանքներն, նավթն ու գազը արտահանել ադրբեջանական լոգիստիկայով դեպի Եվրոպա և Թուրքիա։

Նշենք, որ Ադրբեջանն ու Ղազախստանը Թյուրքական պետությունների կազմակերպության անդամ են։ Ադրբեջանն իր տարանցման հնարավորություններն է տրամադրում Կասպից ծովի թյուրքախոս երկրներին՝ Ղազախստանին և Թուրքմենստանին։

Բացի տնտեսական, տրանսպորտային-էներգետիկ կապերը, կողմերը զարգացնում են նաև ռազմա-տեխնիկական համագործակցությունը։

Ադրբեջանի և Ղազախստանի զինված ուժերը համատեղ զորավարժություններ են անցկացրել ղազախական Ժարկենթ քաղաքում։

Հուլիսին Ադրբեջանի զինուժը Ղազախստանում մասնակցել է նաև Կենտրոնական Ասիայի երկրների մասնակցությամբ զորավարժություններին։ “Biplestik-2024” վարժանքներին ներգրավված էին Ղազախստանի, Ադրբեջանի, Ղրղըզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի զինված ուժերից շուրջ չորս հազար զինվորական, մինչև 700 միավոր զինտեխնիկա։

Թուրքիայի և Արևմուտքի շահերից է բխում Ադրբեջան-Ղազախստան կապերի խորացումը, քանի որ այդ երկրներով են անցնում ՌԴ-ն և Իրանը շրջանցող նավթագազամուղերը, տրանսպորտային լոգիստիկան։ Եվրոպան ստանում է ելք դեպի կասպյան էներգակիրներ՝նվազեցնելով կախվածությունը ռուսական գազից, իսկ Թուրքիայի համար դա Մեծ Թուրանի լոգիստիկան է։

Սեդա Գևորգյան

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն