Միացյալ Թագավորությունը կոչ է արել հնարավորինս արագ ստորագրել համաձայնագիրը

Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունում (ԵԱՀԿ) Միացյալ Թագավորության պատվիրակության փոխդեսպան Դեյդր Բրաունը շնորհավորել է Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի կապակցությամբ և կողմերին կոչ է արել հնարավորինս արագ ստորագրել այն։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Միացյալ Թագավորության կառավարության կայքում հրապարակված հայտարարության մեջ։

 

«Միացյալ Թագավորությունը ջերմորեն շնորհավորում է Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի կապակցությամբ։ Սա պատմական պահ է, և մենք երկու կողմերին էլ կոչ ենք անում ստորագրել համաձայնագիրը որքան հնարավոր է շուտ։ Այս խաղաղության համաձայնագրի վերջնականացումը լավագույն ճանապարհն է կայուն խաղաղության հասնելու և ամբողջ Հարավային Կովկասում անվտանգության ու կայունության ապահովման համար: Դա ճանապարհ կբացի առևտրի աճի և բարգավաճման համար ոչ միայն Հայաստանի ու Ադրբեջանի, այլև նրանց հարևանների համար»,-նշված է հայտարարության մեջ։

 

Հայտարարության մեջ նաև կոչ է արվում զերծ մնալ այնպիսի հռետորաբանությունից, որը խաթարում է խաղաղության հեռանկարները։

 

«Հակամարտության վերադարձը ողբերգություն կլինի և տարիներով հետ կտանի տարածաշրջանում խաղաղության առաջընթացը»,-ասված է հայտարարության մեջ:

 

Հայտարարության մեջ նաև ընդգծվում է, որ Միացյալ Թագավորությունն իր միջազգային գործընկերների հետ միասին շարունակում է աջակցել Հարավային Կովկասում կայուն և տևական խաղաղություն ապահովելու բոլոր ջանքերին։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն