Մինչև Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը, Հայաստանն ու Արցախը միասին, միացած ունեին ավելի քան 42 000 քմ տարածք. Երբ Ադրբեջանը հարձակվեց բոլոր կողմերից Արցախի վրա, 44 օրում մենք ծանր պարտություն կրեցինք, որովհետև Հայաստանի գերագույն գլխավոր հրամանատարը էր հանդիսանում Նիկոլը, որ ոչինչ չի հասկանում ոչ բանակից, ոչ էլ պատերազմից։ Այս մասին հայտարարել է ԵԿՄ նախկին փոխնախագահ, Երևանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը:
«Կան կան հստակ տվյալներ, որ Նիկոլը Ալիևի հետ համաձայնեցրել է, որ Ադրբեջանը հարձակվի Արցախի վրա, ինքը այնպես անի, որ մենք պարտություն կրենք այդ պատերազմում և Նիկոլը Արցախը հանձննի թուրքին։ 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում Նիկոլը ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86 600 քառակուսի կիլոմետր տարածք՝ ներառյալ ամբողջ Արցախը:
2020-ի հոկտեմբերի 19-ին Պուտինը հայտարարեց, որ ինքը Ալիևի հետ համաձայնեցրել է դադարեցնել պատերազմը, բայց Նիկոլը չի համաձայնել, որովհետև այնտեղ կար դրույթ, որ փախստականները վերադառնում են իրենց նախկին բնակավայրերը, այդ թվում նաև Շուշի։ Ադրբեջանցիք մեծ ուժեր կենտրոնացնելով, վերցրեցին Հադրութը, հասան մինչև Շուշի: Դրանից հետո Նիկոլը ԱԺ-ում հայտարարում է՝ Շուշին մեզ պե՞տք էր, Շուշին դժբախտ, դժգույն քաղաք էր»,-ասաց նա:
Բազեյանը նշեց, որ երբ արցախցիները 2023-ին արտագաղթեցին Հայաստան, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ նախկինները կազմակերպել են, արցախցիներին բերել են Հայաստան, որպես 5000 դրամանոց հանրահավաքի մատերիալ՝ վիրավորելով արցախցի մեր հայրենակիցներին. «Մենք պարտվել ենք ոչ միայն այն պատճառով, որ Ադրբեջանը ուժեղ բանակ ուներ, այլ մենք մենակ էինք այդ պատերազմի ընթացքում, իսկ Ադրբեջանը ուներ հզոր դաշնակիցներ: Մեր դիվանագիտությունը չէր աշխատել։ Ադրբեջանի դաշնակիցներն էին, նրա ցեղակիցներ Թուրքիան, որը օգնում էր Ադրբեջանին նատոյական սպայակազմով, ԱԹՍ-ներով, Բայրաքթարներով: Այդ թվում Ադրբեջանին օգնում էր նաև Իսրայելը՝ ռազմական տեխնիկայով: Ադրբեջանին օգնում էր նաև Պակիստանը, որը մինչև հիմա չի ճանաչել Հայաստանը որպես անկախ պետություն։
Իսկ Նիկոլի անկարող արտաքին քաղաքականության հետոյանքով մենք մենակ էինք այդ պատերազմի ընթացքում։
Նիկոլը պարտավոր էր որպես գլխավոր հրամանատար հայտարարել համընդհանուր զորահավաք, երկու-երեք օր զորավարժություններ անցնեին, տիրապետեին նոր տեխնիկական միջոցներին, թիկունքն ամրապնդեին:
Հիմա այս իշխանությունը Նիկոլի գլխավորությամբ փորձում է այնպիսի պայմաններ ստեղծել, որ արցախցիները ստիպված լքեն Հայաստանը, որ երբ ընդդիմադիր շարժումներ սկսվեն, մի քանի տասնյակ արցախցիները չմիանան դրանց»,- ասաց Բազեյանը: