ՌԴ-ն կարող է ժամանակավոր սահմանափակել ՀՀ-ից ծաղկային արտադրանքի ներմուծումը

Կտրված ծաղիկները դասակարգվում են որպես բարձր բուսասանիտարական ռիսկ ունեցող կարանտինային արտադրանք: Կարանտինային վնասատուների ներթափանցումը, տարածումը և ակլիմատիզացիան կարող են լուրջ սպառնալիք ներկայացնել Ռուսաստանի տարածքի բուսասանիտարական բարեկեցության համար, այդ թվում՝ զարգացող տնային ծաղկաբուծության համար:

2025 թ. ՀՀ-ից Ռուսաստան ծաղիկների ներմուծումը զգալիորեն աճել է՝ հասնելով 52 միլիոն հատի, ինչը 49,7%-ով ավելի է 2024-ի (34,7 մլն հատ) համեմատ։ Սակայն ծաղիկների ներկրման ծավալի ավելացման ֆոնին գրանցվել է Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների համար կարանտինային օբյեկտների հայտնաբերման թվի աճ։ Այս մասին ասվում է համապատասխան հաղորդագրությունում:

«Ռոսսելխոզնադզոր»-ի տարածքային բաժինների կողմից անցկացված կարանտինային բուսասանիտարական վերահսկողության արդյունքների համաձայն՝ հայտնաբերվել է  արևմտյան ծաղկային տրիպսներով (Frankliniella occidentalis Pergande) ծաղիկների վարակման 13 դեպք:

Բացի այդ, բազմիցս գրանցվել են կարանտինային օբյեկտների հայտնաբերման դեպքեր բուսական արտադրանքի այլ տեսակներում, ինչը վկայում է Հայաստանի կողմից արտահանվող արտադրանքի նկատմամբ վերահսկողության անարդյունավետ համակարգի մասին։

Հաշվի առնելով կարանտինային օբյեկտների հայտնաբերման համակարգված փաստերը՝ «Ռոսսելխոզնադզոր»-ը լուրջ մտահոգություն է հայտնում։ Ռուսաստանում կարանտինային բուսասանիտարական իրավիճակի վատթարացումը կանխելու համար նամակ է ուղարկվել Հայաստանի Սննդի անվտանգության տեսչությանը՝ խնդրելով ձեռնարկել համապարփակ միջոցառումներ և ուժեղացնել մատակարարվող ապրանքների նկատմամբ վերահսկողությունը։

Անհրաժեշտ արձագանքման միջոցառումների բացակայության և կարանտինային օբյեկտների շարունակական հայտնաբերման դեպքում, «Ռոսսելխոզնադզոր»-ը ստիպված կլինի 2025 թվականի հունիսի 16-ից ժամանակավոր սահմանափակումներ մտցնել Ռուսաստան ծաղկային արտադրանքի ներմուծման վրա։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն