ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում օրերս բացահայտել է շուրջ 1.5 միլիարդ դրամի ստվերային շրջանառություն։ Այս մասին հայտնում են ՊԵԿ-ից:
Կոմիտեի հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության տարածքային թիվ 14-րդ բաժին օպերատիվ տվյալներ էին ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանում գործող` պարենային և ոչ պարենային ապրանքների առևտրով զբաղվող ընկերությունը վաճառված ապրանքների դիմաց վերցնում է կանխիկ գումար և չի տրամադրում ՀԴՄ կտրոն, փոխարենը տրամադրում է միայն ներքին հաշվառման փաստաթուղթ: Արդյունքում խուսափում է առանձնապես խոշոր չափի հարկեր վճարելուց։ Ձեռնարկված համակողմանի և մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված տվյալները հաստատվել են: Ձեռք են բերվել փաստական տվյալներ և հանգամանքներ այն մասին, որ 2023 թվականի մարտի 1-ից մինչև 2025 թվականի ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածում ընկերության կողմից թաքցվել է շուրջ 1.5 միլիարդ դրամի իրացման շրջանառություն։



































