Զինված անձինք հարձակվել են Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության արևելքում գտնվող Կոմանդա գյուղի կաթոլիկ եկեղեցու վրա, սպանվել է շուրջ 40 հավատացյալ: Տեղական իշխանությունները հայտնել են, որ հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 38 մարդ: Լրատվամիջոցները ենթադրում են, որ զոհերի թիվը կարող է գերազանցել 40-ը, գրում է Bild-ը:
Հարձակվողներնօգտագործել են հրազեն և մաչետեներ: Հարձակումը, ենթադրաբար, իրականացրել է «Դաշնակից դեմոկրատական ուժերը», որը իսլամիստական խմբավորում է, որը կապված է «Իսլամական պետություն» խմբավորման հետ։ Իրավապաշտպան Քրիստոֆ Մունյանդերուն «Ռոյթերս»-ին ասել է, որ «ահաբեկիչները դիտավորյալ սպանում էին քրիստոնյաներին»։ Դեպքի վայրից տեսանյութում երևում են այրված տներ և եկեղեցու հատակին դիակներ։
«Զոհերի մարմինները դեռևս ողբերգության վայրում են։ Կամավորները պատրաստվում են թաղել նրանց զանգվածային գերեզմանում, որը մենք փորում ենք կաթոլիկ եկեղեցու տարածքում», — Associated Press-ին ասել է տեղի պաշտոնյան։
Բնակիչները վախենում են նոր հարձակումներից և օգնություն են խնդրում բանակից՝ ասելով, որ նրանք «դեռևս մոտ են քաղաքին»: Տեղական Radio Okapi ռադիոկայանի հաղորդմամբ՝ զինված անձինք նաև հրկիզել են տներ, խանութներ և եկեղեցու մոտ գտնվող բեռնատար: Ավելի ուշ այդ տարածքներում հայտնաբերվել են ավելի շատ զոհեր:



































