Ամո՜թ մեզ, հայեր, հազար ամո՜թ․․․պատմաբան

1888 թվականի ապրիլի 24-ին Թիֆլիսում մահանում է Րաֆֆին։ Գրեթե՝ սովամահությունից, անսահման թշվառության մեջ։ Թիֆլիսահայությունը Րաֆֆու աճյունն ամփոփում է Խոջիվանքում։ Ապա, մի խումբ նվիրյալներ դրամահավաք են կազմակերպում, որպեսզի Րաֆֆու գերեզմանին իր մեծությանը վայել կոթող կանգնեցնեն։

Կես տարվա ընթացքում հավաքվում է ընդամենը․․․ 1019 ռուբլի, 31 կոպեկ։ Ոչ ավելին․․․
Նկարիչ Գևորգ Բաշինջաղյանը նախագծում է Րաֆֆու գերեզմանի կոթողը։ Սակայն, միջոցները բավական չէին, այդ կոթողը կանգնեցնելու համար։ Ի վերջո, Րաֆֆու թաղման հանձնաժողովը հավաքված գումարը ստիպված դնում է Թիֆլիսի Առևտրային բանկ, որը պատկանում էր Ալեքսանդր Մանթաշյանցին, սպասում ամբողջ 9 տարի, որպեսզի մայր գումարին գումարված տոկոսներով (ամբողջը՝ 1335 ռուբլի, 87 կոպեկ), ի վերջո կարողանան Րաֆֆու շիրիմը կարգի գցել։ (Սամվել Կարապետյան․ Խոջիվանք, Երևան, 2024, էջ 55)։
Ի դեպ, հավաքված գումարի 80 տոկոսը փոխանցել էին․․․Ռուսաստանից, չնչին մասը միայն, Վրաստանի և Հայաստանի հայերը։

Եվ սա այն դեպքում, երբ այդ թվականներին, հայոց կապիտալը Թիֆլիս, Բաքու և Ստամբուլ էր շենացնում։ Սա հայության էթնոդիմագիծն է, էթնոհոգեբանության արգասիքը։
Մեկ այլ համեմատություն։ Մեկ այլ մեծանուն հայի՝ Մակար Եկմալյանի շիրիմի մասին, որը նույնպես թաղված էր Խոջիվանքում։ 1912 թվականի մարտի 15-ի թիվ 56 համարում, «Մշակ» թերթում կկարդաք․ «Մակար Եկմալյանի գերեզմանը անխնամ և անուշադիր դրության մեջ գտնվելու պատճառով վերջերս նրա գերեզմանի մեջ թաղել են մի այլ դիակ»։
Ահա մեր դիմագիծը․ հայությունը թքա՛ծ ունի իր մտավորականի վրա, նրա հիշատակի վրա, բայց, երբ հանկարծ տեղը նեղվում է՝ նոր միայն, կոկորդով մեկ կգոռա՝ Բա ու՞ր է մտավորականությունը․․․
Ասեմ․ մտավորականությունը միշտ իր տեղում է․ նրան ունկնդրո՛ղ չկա․․․ Փաստե՛րն են այդպես խոսում։ Րաֆֆին ձեզ օրինակ, մյուսները ձեզ օրինակ, մեր օրերը ձեզ օրինակ․․․

Պատմաբան, գրող-հրապարակախոս Վահե Լորենց

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն