Վրացական կողմը պարբերաբար հանդես է գալիս համագործակցության եզրեր գտնելուն միտված գաղափարներով

Վրացական կողմը պարբերաբար հանդես է գալիս համագործակցության եզրեր գտնելուն միտված գաղափարներով։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։

 

Օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե պետք է սկսել փոքր քայլեր ձեռնարկել վստահության կառուցման ուղղությամբ, և իրենք պատրաստ են դրան։ Նրա խոսքով՝ վերջերս մի քանի նման նախաձեռնություններ Բաքվին առաջարկել են վրացի գործընկերները, ինչին Ադրբեջանը դրական է արձագանքում և հայկական կողմի դիրքորոշմանն է սպասում։

 

«Հայաստանը բարձր է գնահատում վրացական կողմի ջանքերը և պատրաստ է հնարավոր գաղափարների քննարկմանը կառուցողական մոտեցմամբ»,- ասաց Բադալյանը։

 

Միաժամանակ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակը շեշտեց, որ կոնկրետ նախաձեռնությունների վերաբերյալ պայմանավորվածությունների պարագայում անպայման կտեղեկացնեն հանրությանը։

 

Հիշեցնենք` մարտի 13-ին հայտնի դարձավ, որ Երևանն ու Բաքուն ավարտել են խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունները՝ համաձայնեցնելով վերջին երկու կետերը, որոնք վերաբերում էին սահմանային հատվածներից երրորդ ուժերի (տվյալ դեպքում՝ Հայաստանում ԵՄ առաքելության -խմբ.) դուրսբերմանը և միջազգային դատական ատյաններ ներկայացված հայցերից հրաժարվելուն։

 

Ապրիլի 2-ին Ալիևը հայտարարեց, թե որ պայմանների կատարման դեպքում կստորագրի խաղաղության համաձայնագիրը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի վերացում և Հայաստանի Սահմանադրության փոփոխություն (Բաքուն պահանջում է Անկախության հռչակագրի դրույթները, որտեղ հիշատակվում է Լեռնային Ղարաբաղը, «հանել» Հայաստանի հիմնական օրենքից- խմբ.)։

 

Այս ամենին զուգահեռ հայկական կոմն ամենաբարձր մակարդակով պարբերաբար հայտարարում է, որ պատրաստ է ստորագրել խաղաղության համաձայնագիրը, և գնդակն ադրբեջանական դաշտում է։

Հանրության շրջանում չի թուլանում լարվածությունը․ Արշակ Կարապետյան

ՀՃՇ-ն մասնակցել է Սոչիում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագին

Սկզբնական շրջանում Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպել եմ