«Համահայկական Ճակատ» կուսակցությունն կլոր-սեղան քննարկում է կազմակերպել «Բնակչության կենսամակարդակը Հայաստանում» թեմայի շուրջ: Քննարկվել են Հայաստանի Հանրապետության ժողովրդին վերաբերվող տարբեր խնդիրներ:
Քննարկմանը ներկա է գտնվել Արցախից բռնի տեղահանված մանկավարժ Անժելա Գաբրիելյանը, ով խոսել է արցախցիների կեցության և կենսամակարդակի մասին: Տիկին Գաբրիելյանը համեմատելով արցախցիների կյանքը Արցախում և Երևանում ասել է.
«Արցախցին ապրում էր իր հայրենիքում, տերն էր իր հողի, մայրն էր իր հողի, և հողից քամվող բարիքների: Գյուղացին կարողանում էր իր գյուղատնտեսական բարիքները իրացնել քաղաքում, ստացված գումարներից իր կարիքները հոգալ: Քաղաքացին ուներ զբաղվածություն՝ ըստ իր մասնագիտության, ըստ իր կարողությունների: Հասանելի էր կրթությունը, բժշկությունը, և սոցիալական պայմանները բարեկեցիկ էին: Այն ատելությոնը, թշնամանքը, որն այսօր ես տեսնում եմ արցախցու հանդեպ, դա Արցախում բացակայում էր:
Արցախցին կորցրել է իր տունը, աշխատանքը, ամեն ինչը, մի խոսքով՝ ինքն իրեն և հայտնվել է նոր միջավայրում: Կենսամակարդակի մասին խոսելիս, իհարկե, պետք է հաշվի առնել արցախցու ինտեգրումը նոր միջավայրին:
Պետությունը ֆինանսական աջակցություն ցույց էր տվել, այն օգնում էր հոգալ միայն բնակարանային հարցը, ուրիշ սոցիալական կարիքների համար այն չէր ծառայում: Այդ գումարը ոչնչով չէր թեթևացրել արցախցու վիճակը, որովհետև, դա փաստորեն գնացել էր հայաստանցուն, ով տրամադրել էր իր բնականարանը:
Ասում են՝ ինչու՞ չեք գնում աշխատեք. ես շատ եմ ուզում աշխատել, ստեղծեք պայմաններ: Քառասունից բարձր տարիքայինները աշխատանքի չեն ընդունվում, անհրաժեշտ է բարետես արտաքին, կամ տեսնում են արցախցի ես, սա էլ է պայման, որ աշխատաքի չվերցնեն:
Բացի այդ, աշխատավարձն այստեղ այնքան ցածր է, որ դրանով չես կարող բոլոր կարիքներդ հոգալ: Սոցիալական աջակցություն այլևս չի տրամադրվում, պետությունն ասում է՝ ինքներդ հոգացեք ձեր կարիքները: Եթե քաղաքացին ունի իրավունքներ, ապա պետությունն ունի պարտականություններ: Հատկապես 120.000 արցախցի է ներգաղթել, ինչպե՞ս կարելի է անտեսել այդպիսի կապիտալը, այդ ներուժը: Ինչու՞ պայմաններ չստեղծել, որպեսզի այս մարդիկ ապրեն, գոյատևեն իրենց հայրենիքում:
Մինչդեռ, բնակարանով չապահովված արցախցու «40+10» դու կտրում ես, ի՞նչ է սա նծանակում, եթե նա չի կարողանալու բնակարանի վարձը տալ, նշանակում է՝ հայտնվելու է փողոցում, որի հետևանքը լինելու է ճամպրուկը նորից վերցնել և նորից բռնել գաղթի ճանապարհը»:



































