Գրեթե վեց տարի՝ 2013-ից մինչև 2019 թվականի սկիզբը, սերտորեն աշխատել եմ Ռուբեն Վարդանյանի հետ. հաճախ՝ 24/7 ռեժիմով: Ընթերցողի սեղանին է «Մեդիամաքս» լրատվական գործակալության տնօրեն Արա Թադևոսյանի՝ «Ռուբեն Վարդանյան. «Դոն Կիխոստն ու վիշապները» գիրքը, որում հեղինակը պատմում է Վարդանյանի այն ծրագրերի ու նախաձեռնությունների մասին, որոնց մասնակցել է անձամբ կամ տեսել, թե դրանք ինչպես են ծնվել, քննարկվել, ձևափոխվել ու կյանքի կոչվել:
«Գրքում ներկայացված է Հայաստանի, Արցախի և հայկական աշխարհի ապագայի վերաբերյալ Ռուբեն Վարդանյանի հայացքների էվոլյուցիան: Բազմաթիվ փաստեր, վկայություններ և աշխատանքային փաստաթղթեր են հրապարակվում գրքում, որը հնարավորություն կտա առաջին անգամ ճանաչելու մեկ այլ Ռուբեն Վարդանյանի», -ասում է Արա Թադևոսյանը:
Գրքի շնորհանդեսին մի հարկի տակ են հավաքվել Ռուբեն Վարդանյանի ընկերները, իր հետ աշխատած մարդիկ, իր հետ երբևէ առնչված ու չառընչված մարդիկ՝ տարբեր կարծքիներով ու հուշերով կիսվելու համար, ովքեր միաձայն ասում էին, որ այն, ինչ հնարավոր չէր, Ռուբենը միշտ դարձնում էր հնարավոր: Գիրքն անկախ լրագրողական աշխատանք է: Հեղինակն այն գրելու մասին առաջին անգամ մտածել է, երբ 2023 թվականի սեպտեմբերին ադրբեջանցիները ձերբակալեցին Ռուբեն Վարդանյանին: Երկրորդ անգամ, երբ 2024 թվականի օգոստոսի 31-ին Նիկոլ Փաշինյանն ասաց, որ պետք է հասկանա, ով և ինչ նպատակով և ինչ երաշխիքով Ռուբեն Վարդանյանին գործուղեց Հայաստան և Լեռնային Ղարաբաղ: Գիրքը գրելու վերջանական որոշումը կայացրել է 2025 թվականի հունվարի 16-ին, երբ կարդաց Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվից արված ուղերձը:



































