Քաղաքապետարանի մոտ ակցիա անող վարդաշենցիները համաձայն չեն որ իրենցից 6 հոգի բարձրանա քաղաքապետարան, նրանք պահանջում են, որ քաղաքապետարանից իջնեն իրենց մոտ և պատասխանեն իրենց հարցերին:
«Ոչ 6 հոգի, ոչ՝ 3, ոչ էլ՝ 13, թող իջնեն բոլորիս պատասխան տան: Եկեք անձամբ դուք պատասխանեք: Իջե՛ք, չենք բարձրանալու ոչ մեկս, կամ բոլորին կամ ոչ մեկին»,- ասացին նրանք:
Ակցիայի մասնակցիները վստահեցրեցին՝ եթե պետք լինի նստացույց կանեն:
Ի վերջո նրանք համաձայնեցին 6 հոգով բարձրանան քաղաքապետարան՝ հասկանալու ինչ է լինելու իրենց խնդրի հետ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Վարդաշենի հանրակացարանի՝ 68ա շենքի բնակիչներն այսօր՝ մարտի 24-ին, կրկին բողոքի ակցիա են իրականացնում Երևանի քաղաքապետարանի շենքի դիմաց: Նրանց խոսքով, դեռ քարոզարշավի ժամանակ Տիգրան Ավինյանն իրենց խոստացել էր ընտրվելու դեպքում իրենց հարցը լուծել, այդ վթարային շենքից իրենց դուրս բերել և բնակարաններով ապահովել:
Քաղաքապետի խոստացած ժամկետը լրացել է, բայց այդպես էլ խնդրին լուծում չի տրվել, իսկ շենքն ամեն պահի փլուզման վտանգի տակ է:
Նախորդ անգամ բնակիչները հայտարարել էին, որ եթե իրենց խնդիրը չլուծվի, իրենք վրաններ են խփելու քաղաքապետարանի և կառավարության դիմաց:



































