Հայաստանյայց առաքելական սուրբ Եկեղեցու անունից ներկայացվել է դիմում ոստիկանությանը ներխուժումը կանխելու վերաբերյալ։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 24–ին, լրագրողների հետ զրույցում նշեց փաստաբան Արա Զոհրաբյանը։
Նա նկատեց, որ Հովհաննավանքը և դրա հարակից տարածքը պատկանում է Հայ Առաքելական Սուրբ եկեղեցուն և կառավարության որոշմամբ հաստատված կարգ կա, որի համաձայն ոստիկանությունը պարտավոր է սեփականատիրոջ պահանջով կանխել ներխուժումը, այսինքն այդ տարածքից հեռացնել անցանկալի անձին։
Հարցին՝ ինչո՞ւ է տեղի ունեցածը ներխուժում համարում, Զոհրաբյանը պատասխանեց. «Քանի որ այս տարածքը նաև նախատեսված է մեր հայրենակիցների համար ազատ մուտք ու ելքով, ներխուժում է համարվում եկեղեցու խորանում, ատյանում, ավանդատներում, որևէ այլ անձի կողմից գտնվելը, ով Հայ առաքելական Սուրբ եկեղեցու ձեռնադրված հոգևորական չէ։ Այսինքն, Ստեփան Ասատրյանին (կարգալույծ արված քահանա Տեր Արամ–խմբ) չի արգելվում այս տարածքում զբոսնելը, նույնիսկ եկեղեցու մեջ մնալը, սակայն միայն եկեղեցականների համար նախատեսված վայրերում արգելվում է մուտք գործելը։
Այդ առումով ոստիկանության համար նախատեսվել էլ ժամ, որ ժամը 16:00-ին իրենք ներկայանան այստեղ, այդ կարգի համաձայն գրությունը ստանալու պահից երեք ժամվա ընթացքում իրենք պետք է գան դեպքի վայր, եթե դիմումատուն այլ ժամ չի նշվում, ավելի ուշ ժամ։ Այս պահին ներկա ոստիկաններ կային, Աշտարակի բաժնի ոստիկաններն էին այստեղ, որոնք ասեցին, որ իրենք ոչ մի տեղեկություն չունեն և որևիցե գործողություն չեն ցանկանում իրականացնել։
Ասեցին՝ այս դիմումի հետ կապված իրենք ցուցում չունեն, այսինքն դիմումը իրենց չի հասել, սակայն սա որևէ կերպ խոչընդոտ չէ։ Դիմումը մենք հանձնել ենք ոստիկանությանը պատշաճ կարգով և իրենք պարտավոր էին միջոցներ ձեռնարկել»։
Հարցին՝ հիմա ի՞նչ են պատրաստում այստեղ անել, փաստաբանը նշեց. «Մենք տեսնում ենք, որ այստեղ կան քաղաքացիական հագուստով ոստիկաններ, որոնք իբրև գյուղի բնակիչ են հանդես գալիս, նաև նպատակ ունենալով որևէ բախումների, պրովոկացիաների չենթարկվել, որովհետև Հայ առաքելական սուրբ եկեղեցու խնդիրը ուղղակի խաղաղ պայմաններում իր գործունեություն իրականացնել է, մենք փորձելու ենք հնարավորինս իրավական ճանապարհներով հասնել կարգավորման։ Ավելին ասեմ, որ կիրակի օրը նախատեսված է այստեղ պատարագ, որը պետք է իրականացնի Հայ առաքելական սուրբ եկեղեցու օրինավոր քահանան և ոչ թե Ստեփան Ասատրյանը։
Այդ պայմաններում այդ ծեսի խոչընդոտումը համարվում է քրեական հանցագործություն և որևիցե մեկը, ով կխոչընդոտի այդ ծեսին, բնականաբար նույնպես կունենա խնդիր օրենքի հետ»։

































