Արմավիրի մարզպետն աշխատանքային ժամերին պարբերաբար զբաղվում է Վաղարշապատում նախընտրական քարոզչությամբ՝ հօգուտ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության. «Ականատես» դիտորդական առաքելություն

Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը աշխատանքային ժամերին պարբերաբար զբաղվում է նախընտրական քարոզչությամբ՝ հօգուտ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության։ Այս մասին հայտնում է «Ականատես» դիտորդական առաքելությունը:

Մարզպետարանի պաշտոնական ֆեյսբուքյան էջում շարունակում են հրապարակվել մարզպետի աշխատանքային հանդիպումների և այցերի մասին գրառումներ, ինչը վկայում է, որ նա շարունակում է պաշտոնապես իրականացնել իր աշխատանքային պարտականությունները։ Ավելին, ՀՀ կառավարության էլեկտրոնային կառավարման հարթակում (e-gov.am) և Հայաստանի Իրավական տեղեկատվական համակարգում (arlis.am ) բացակայում է որևէ տեղեկություն ՀՀ վարչապետի՝ Արմավիրի մարզպետին արձակուրդ տրամադրելու որոշման մասին։

Միևնույն ժամանակ, մարզպետը սոցիալական մեդիայի իր էջում պարբերաբար հրապարակում է քարոզչական բնույթի նյութեր, մասնակցում  քարոզչական միջոցառումների՝ հանդես գալով որպես գործող մարզպետ։

Այսպիսով, փաստացիորեն, մարզպետն իրականացնում է նախընտրական քարոզչություն՝ շարունակելով իրականացնել իր պաշտոնեական գործառույթները և  օգտագործելով իր տիրապետության ներքո գտնվող վարչական ռեսուրսներն ու ազդեցությունը:

Հիշեցնենք, որ ըստ պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարքագծի կանոնագրքի՝

  • Հանրային պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է իր պաշտոնեական (ծառայողական) պարտականությունների համար տրամադրված հանրային ռեսուրսները (այդ թվում՝ մարդկային ռեսուրսները, աշխատաժամանակը) օգտագործել բարեխղճորեն՝ բացառապես իր լիազորությունների իրականացման նպատակով, ինչպես նաև՝ չօգտագործել հանրային պաշտոն զբաղեցնող այլ անձանց և հանրային ծառայողների աշխատաժամանակը սեփական շահերը բավարարելու կամ այլ մասնավոր նպատակներով:
  • Ընտրական գործընթացների ընթացքում հանրային պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է պահպանել նախընտրական քարոզչության վերաբերյալ օրենքով սահմանված սահմանափակումները և չօգտագործել հանրային ռեսուրսները կուսակցական կամ անձնական քարոզչության նպատակներով։
  • Հանրային պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է զերծ մնալ սոցիալական մեդիայի հրապարակումներից, հավանումներից կամ այլ վարքագծից, որը կարող է վնասել կամ նսեմացնել հանրային ծառայության հեղինակությունը, կասկածի տակ դնել անաչառությունն ու պատշաճությունը։
  • Հանրային պաշտոն զբաղեցնող անձը սոցիալական մեդիայում հրապարակումներ կատարելիս պարտավոր է հստակ նշել՝ դրանք արտահայտում են իր պաշտոնեական դիրքորոշումը, թե անձնական կարծիքը։
  • Հանրային պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է իր ծառայողական պարտականությունները կատարելիս դրսևորել անաչառություն և գործել այնպես, որ չառաջանա կողմնակալության կասկած կամ տպավորություն։

Միևնույն ժամանակ, ՀՀ ընտրական օրենսգրքի 23-րդ հոդվածն արգելում է նախընտրական քարոզչության կազմակերպումն ու իրականացումը հանրային ծառայության մեջ գտնվողներին՝ իրենց լիազորություններն իրականացնելիս կամ ի պաշտոնե հանդես գալիս։

Արմավիրի մարզպետի գործողությունները հակասում են հանրային ծառայության անաչառության և վարչական ռեսուրսների չօգտագործման վերաբերյալ իրավական պահանջներին։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն