Աշխարհում գինու սպառումը նվազել է, օրինակ, գինու արտադրությունը 2024 թվականին եղել է 227 միլիոն հեկտոլիտր, իսկ 2023–ին՝ 244 միլիոն հեկտոլիտր, 2022–ին՝ 260 միլիոն հեկտոլիտր, տարեկան մոտավորապես 7% նվազում է նկատվում ամբողջ աշխարհում։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 30–ին, կառավարության նիստում հայտարարեց Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը։
«Բայց միաժամանակ հետաքրքիր տենդենց կա, որ համաշխարհային գինու տուրիզմը, օրինակ, նախորդ տարի 13%-ով ավելացել է և ես հնարավորությունը օգտագործելով նաև ուզում եմ մեր գինի արտադրողներին խնդրել, ավելի շատ ուշադրություն դարձնել հենց գինու տուրիզմի վրա, որովհետև մենք աշխարհի մի մասնիկն ենք և այդ բոլոր փոփոխությունները նաև զգացվում են Հայաստանում։ Գինու, տուրիզմի ոլորտի ակտիվացմամբ նաև հնարավոր է այդ հոսքերը ուղղել դեպի գինու տուրիզմ և խթանել գինու սպառումը»,–ասաց նա։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հետաքրքրվեց. «Շատ հետաքրքիր վիճակագրություն է։ Տեղը ուրիշ բան են խմո՞ւմ, թե՞ սկսել են քիչ խմել մարդիկ»։
Արման Խոջոյանը պատասխանեց. «Քանի որ ալկոհոլի շուկան անհասկանալի փոփոխությունների է ենթարկվում և շուկայում սկսել են հայտնվել անհասկանալի խմիչքներ, հիմնականում երիտասարդ սերունդը՝ 20-30 տարեկան, խմում են ավելի շատ կոկտեյլների տեսքով այլ տեսակի խմիչքներ, ավելի խառնուրդային խմիչքներ»։
Մհեր Գրիգորյանը նկատեց, որ եթե այդպիսի միտում կա, ամեն տարի բախվելու ենք նորանոր խնդիրներ և պետք է մտածել այդ կոկտեյլների արտադրության ուղղությամբ՝ հակառակ դեպքում, գինու տուրիզմը խթանելով ինչ-որ պահի արտահանման անկում կունենանք։
Էկոնոմիկայի փոխնախարարն էլ արձագանքեց. «Վերջերս հյուրընկալել էինք իսպանական մի հայտնի կազմակերպության ղեկավարությանը, որոնք երկու շաբաթ ուսումնասիրելուց հետո հայ արտադրողներին ներկայացրեցին այն գործողությունների պլանը, թե որ ուղղությամբ պետք է գինու տուրիզմի վրա շեշտադրումները ավելի ուժեղացվեն»։
Ինչ վերաբերում է գինու արտադրության նվազմանը, փոխնախարարն ասաց. «Թանկ գինիների շրջանակում ոչ սպառման, ոչ արտադրության նվազում տեղի չի ունեցել, ավելի շատ նվազումը վերաբերում է օրդինալ, ավելի հասարակ, էժան գինիներին»։



































