ԱԺ հանձնաժողովը հավանություն է տվել ՀՀ 2026 թվականի պետբյուջեի նախագծին

Հայաստանի Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝օրենքի նախագիծը  հանձնաժողովի նիստում ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:

Համախառն ներքին արդյունքը, կառավարության կանխատեսումներով, 2026-ին կհասնի 11 տրլն  934 մլրդ դրամի: Այսինքն՝ տնտեսական աճը կլինի 5.4 տոկոս:

«Պետական բյուջեի եկամուտները նախատեսվում են 3 տրլն 91 մլրդ դրամ,  որից հարկային եկամուտները՝ 2 տրլն 973 մլրդ դրամ: Հարկային վարչարարության բարելավման, ստվերի դեմ պայքարի, ինչպես նաև հարկային քաղաքականության միջոցառումների արդյունքում ակնկալվում է բարելավել հարկեր-ՀՆԱ ցուցանիշը 0.4 տոկոսային կետով՝ այն ՀՆԱ-ում հասցնելով 24.9 տոկոսի»,-ասաց Հովհաննիսյանը:

Պետական բյուջեի ծախսերը հաջորդ տարի նախատեսվում են 3 տրլն 628 մլրդ դրամ, որից՝ ընթացիկ ծախսերի գծով՝ 2 տրլն 924 մլրդ դրամ, իսկ կապիտալ ծախսերի գծով՝ 704 մլրդ դրամ: Դա ՀՆԱ-ում կկազմի 5.9 տոկոս: Ծախսերը կկազմեն ՀՆԱ-ի 30.4 տոկոսը՝ 2025-ի սպասվող գումարից նվազելով 0.8 տոկոսային կետով:

Նախարարի խոսքով՝ պետական բյուջեի պակասուրդը նախատեսվում է 537 մլրդ դրամ, այսինքն՝ ՀՆԱ-ի 4.5 տոկոսը, որն այս տարվա 5.5 տոկոս պակասուրդի նկատմամբ կնվազի 1 տոկոսային կետով: Միջնաժամկետ հատվածում Կառավարությունը նպատակ ունի պակասուրդը նվազեցնել 2.8 տոկոսի, որ պարտքեր-ՀՆԱ ցուցանիշը կարողանա պահել կառավարելի մակարդակում:

«Եթե մեր սպասումները լինեն պլանավորվածի պես, պարտքեր-ՀՆԱ ցուցանիշը կլինի շուրջ 53 տոկոսի շրջանակում»,-նշեց Հովհաննիսյանը:

2026թ. պետբյուջեի մասին օրենքի նախագիծը կքննարկվի ԱԺ լիագումար նիստում:

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն