Նոյեմբերի 12-ից Երևանում մեկնարկել է Դատափորձագիտական ինստիտուտների եվրոպական ցանցի (ENFSI) 2025թ․ ընդլայնված եռօրյա համատեղ նիստը, որը ENFSI-ի բարձրագույն մարմնի՝ Խորհրդի որոշմամբ առաջին անգամ անցկացվում է Հայաստանում։ Այս մասին Tert.am-ին հայտնեցին Փորձաքննությունների ազգային բյուրոյից։
Եվրոպական միության առաջատար դատափորձագիտական կազմակերպությունները միավորող հեղինակավոր կառույցի 30-րդ հոբելյանական համատեղ նիստին մասնակցելու համար Հայաստան են ժամանել Դատափորձագիտական ինստիտուտների եվրոպական ցանցի Խորհրդի և քարտուղարության անդամներ, մշտական հանձնաժողովների նախագահներ, ENFSI-ի փորձագիտական աշխատանքային խմբերի (EWG) ղեկավարներ, ինչպես նաև դատափորձագիտական ոլորտի այլ ներկայացուցիչներ Ֆրանսիայից, Գերմանիայից, Շվեյցարիայից, Նիդեռլանդներից, Մեծ Բրիտանիայից, Ավստրիայից, Խորվաթիայից, Հունաստանից, Լեհաստանից և եվրոպական այլ երկրներից։
Նոյեմբերի 13-ին կայացած ընդլայնված նիստին Դատափորձագիտական ինստիտուտների եվրոպական ցանցի Խորհրդի նախագահ Ագնեշկա Լուկոմսկան բոլոր մասնակիցների անունից շնորհակալություն հայտնեց ԳԱԱ Փորձաքննությունների ազգային բյուրոյի տնօրենին՝ միջոցառման բարձր մակարդակով կազմակերպման, ջերմ հյուրընկալության, ինչպես նաև Հայաստանի հարուստ մշակութային ժառանգությանը ծանոթանալու հնարավորության ընձեռման համար։
«Շատ ուրախ ենք, որ Փորձաքննությունների ազգային բյուրոն ENFSI լիիրավ անդամ է, և մեզ համար մեծ պատիվ է ENFSI ընդլայնված համատեղ նիստը Հայաստանում անցկացնելը։ Այս միջոցառումը հնարավորություն է, որպեսզի եվրոպական դատափորձագիտական համայնքի ներկայացուցիչները փոխանակվեն իրենց փորձագիտական և գիտական փորձով, նոր մեթոդներով ու մեթոդիկաներով, որոնք ներդրվում են կազմակերպությունների կողմից և, կիրառվելով ամենօրյա գործնական աշխատանքում, դառնում են փորձագետների աշխատանքի անփոխարինելի մասը։
Շնորհակալություն ոչ միայն ENFSI շրջանակներում ձևավորված համագործակցության, այլև ջերմ բարեկամական կապերի համար, որոնք ENFSI-ի հաջողության գրավականն են»,- նշեց ENFSI-ի նախագահը։
Ընդլայնված նիստի շրջանակներում կամփոփվեն նախորդ տարում ENFSI-ի Խորհրդի, աշխատանքային խմբերի (WG) և համակարգող կոմիտեների (SC Chairs) կատարած աշխատանքները, կներկայացվի Խորհրդի նոր անդամը, աշխատանքային խմբերի նոր նախագահները, կհրապարակվեն ENFSI-ի տարեկան հաշվետվությունն ու Խորհրդի զեկույցը, կքննարկվի ENFSI-ի 2025–2026 թթ․ գործողությունների պլանը, ինչպես նաև կնախանշվեն ոլորտի արդի հիմնախնդիրներն ու զարգացման հեռանկարները։
Հիշեցնենք, որ Փորձաքննությունների ազգային բյուրոն, հանդիսանալով Հայաստանի Հանրապետությունից Դատափորձագիտական ինստիտուտների եվրոպական ցանցի միակ և լիիրավ անդամը, ակտիվորեն ներգրավված է ENFSI աշխատանքային խմբերում, այդ թվում՝ հետազոտական աշխատանքներում և տվյալների բազաների ձևավորման գործընթացում։


































