Դեկտեմբերի 9-ը կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրն է։ ԹԻՀԿ-ը հանդես է եկել ամենամյա հայտարարությամբ։
…Հայաստանում վերջին տարիներին բարեփոխումների արդյունավետության պակասի մասին են վկայում ոչ միայն կոռուպցիայի դեմ պայքարին, այլև հանրային կառավարմանն ու ժողովրդավարության օրակարգին առնչվող համարյա բոլոր միջազգային ցուցանիշները։ Ընդհանուր «լճացման» այս պատկերը հստակ ազդակ պետք է լինի իշխանություններին առ այն, որ նրանց կողմից վարվող քաղաքականության մեջ առկա են խնդիրներ, և որ հրատապ է դրանց վերհանումը, պատճառների վերլուծությունը և գործուն քայլերի ձեռնարկումը իրական ու մնայուն արդյունքներ գրանցելու և հանրության ակնկալիքները բավարարելու համար։
2025-ին հանրության ուշադրության կենտրոնում են եղել քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ օրենքի ընտրողական կիրառումը, անհամաչափ իրավական միջոցների կիրառումը, գաղտնալսումների և դրանց արտահոսքերի պրակտիկան, բարձրաստիճան պաշտոնյաների ներգրավմամբ կոռուպցիոն գործերով, այդ թվում՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթներով արդյունավետ դատավարությունների բացակայությունը, իշխանությանը մոտ կանգնած անձանց հետ կապված դեպքերի անտեսումը, բռնագանձման միջոցով պետությանը և համայնքներին վերադարձված ակտիվների կառավարման թափանցիկության բացակայությունը։ Այս ամենը խարխլում է հանրային վստահությունը արդարադատության համակարգի նկատմամբ և արժեզրկում ժողովրդավարության և հակակոռուպցիոն բարեփոխումների գաղափարը։
Մտահոգիչ են իշխող քաղաքական ուժի բարձրաստիճան ներկայացուցիչների կողմից Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցու գործերին կոպիտ միջամտության, անկախ լրատվամիջոցների և լրագրողների թիրախավորման ու պիտակավորման դեպքերը։
Շարունակում են խնդրահարույց լինել որոշումների ընդունման, հատկապես կարևոր պաշտոններում նշանակումների ոչ թափանցիկ գործընթացները, ինչը կասկած է հարուցում հովանավորչության մասին։ Խիստ դատապարտելի են բիզնեսի ու քաղաքականության սերտաճման դրսևորումները, մասնավորապես՝ քաղաքական ֆինանսավորման արդյունքում տնտեսական արտոնությունների ձեռքբերման, բնական ռեսուրսների շահագործման, ապօրինի ու խնդրահարույց ծրագրերի սատարման, հանրային կարծիքի ու արժանապատվության ոտնահարմամբ՝ «տնտեսական զարգացման» պատրվակով կասկածելի բիզնեսների հովանավորման դեպքերը։


































