2018թ․-ին ներկայիս իշխանությունները բղավում էին, թե օգնելու են թոշակառուներին, բարձրացնելու են թոշակները, սակայն այդպես չեղավ։ Այդ մասին հայտարարել է «Համահայկական ճակատ»կուսակցության ղեկավար Արսեն Վարդանյանը։
Հայաստանում գործող իշխանությունների վարած տնտեսական քաղաքականության արդյունքում ստեղծվել է աղետալի սոցիալական իրավիճակ։ Ցանկացած պետության համար արտաքին պարտքը մեծ բեռ է, որի սպասարկումը պահանջում է հարկային բեռի բարձրացում և նոր հարկերի սահմանում հասարակ քաղաքացիների համար։ Հայաստանն ունի փոքր տնտեսություն, մեկ միլիոն աղքատ բնակչություն և արտահանման սակավ հնարավորություններ՝հայ-թուրքական և հայ-ադրբեջանական սահմանները փակ են, Եվրոպայում հայկական արտադրանքը մրցունակ չէ և այնտեղ բազմաթիվ մաքսային խոչընդոտներ կան՝հայկական տնտեսությունը շնչում է ռուսական, ԵԱՏՄ շուկայի հաշվին։
Արտաքին պարտքը հասել է 13 միլիարդ դոլարի՝սոցիալական նպաստներին, թոշակներին հատկացվող գումարներն ամեն տարի նվազելու են, աշխատավարձերը չեն բարձրանալու, քանի որ ֆինանսական մեծ հոսքեր են ուղղվելու արտաքին պարտքի սպասարկմանը։
Դրան զուգահեռ, հարկային բեռն ավելանում է ՀՀ քաղաքացիների համար, ովքեր առանց այն էլ ստանում էին ցածր աշխատավարձ, որի մեծ մասը գնում է առաջին անհրաժեշտության ապրանքներին և կոմունալ վճարումներին։ Գործող դիլետանտ իշխանական թիմը բարձրացրեց կոմունալ վճարները, թանկացրեց հասարակական տրասնպորտը, առաջին անհրաժեշտության ապրանքների գները ռեկորդներ են սահմանում և Երևանը դարձել է Հարավային Կովկասի ամենաթանկ քաղաքը, սակայն ՀՀ քաղաքացիների եկամուտները, աշխատավարձերը չեն աճել։
Սոցիալական աղետալի վիճակը դրդում է տասնյակ հազարավոր քաղաքացիներին արտագաղթել Հայաստանից՝դատարկվող Հայաստանը ձեռնտու է թուրք-ադրբեջանական տանդեմին իրենց պանթուրքական և հակահայ ծրագրերը կյանքի կոչելու համար։
Սոցիալ-տնտեսական աղետալի իրավիճակից ելք այսօրվա իշխանությունների օրոք չկա՝նրանք ամեն տարի միայն ավելացնում են պարտքերը՝հին պարտքերը սպասարկելու, իրենց թիմակիցներին պարգևավճարներ վճարելու և հավատարիմ ոստիկանությանը ֆինանսավորելու համար։
Այսինքն արվում է ամեն ինչ, որպեսզի իշխանափոխություն չլինի՝հասարակությունն էլ պասիվ դիտորդի կարգավիճակում է՝հիասթափությունն ու քաղաքական կյանքի հանդեպ անտարբերությունը համատարած են։
Գործող իշխանություններն ունեն զրոյական վարկանիշ ՀՀ քաղաքացիների շրջանում՝սոցհարցումներն ու մարդկանց հետ շփումները ցույց են տալիս, որ ՀՀ քաղաքացիների ճնշող մեծամասնությունն ատում է գործող վարչախմբին։
Հայաստանը վերոնշյալ աղետներից փրկելու և իրավիճակի շտկման համար անհրաժեշտ է օր առաջ իրականացնել իշխանափոխություն։ Սեփական կամքով ամեն օր հարստացող իշխանական բուրգը չի հեռանալու՝նրանց պետք է հեռացնել քաղաքական ուժեր-ՀՀ քաղաքացիներ տանդեմի միասնական ջանքերի շնորհիվ։
Սեդա Գևորգյան



































