ԵՄ-ն դառնում է առավել կարևոր գործընկեր անվտանգության ոլորտում: Այս մասին հայտարարեց ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը։ Նա նշեց, որ մեկնարկել են քաղաքական և անվտանգության երկխոսություն Եվրոմիության հետ:
ԵՄ-ն չի կարող ապահովել Հայաստանի անվտանգությունը, սակայն ՔՊ-ական հակառուսական թիմը համառորեն շարունակում է արևմտյան քարոզչությունն ու Հայաստանը՝ՌԴ-ից կտրելու հայակործան քաղաքականությունը։
Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ է, ՀՀ-ում են տեղակայված ռուսական ռազմաբազաներ, իսկ ԵՄ-ն ինքը չի կարող ապահովել սեփական անվտանգությունն ու կախված է անվտանգային ոլորտում ՆԱՏՕ-ից ու հատկապես ԱՄՆ-ից։
Ադրբեջանի լայնածավալ հարձակման պարագայում հայ-ադրբեջանական սահմանին տեղակայված ԵՄ դիտորդները նստելու են իրենց մեքենաներն ու փախչեն Երևան։ Հայաստանի անվտանգության գլխավոր երաշխավորը՝հայոց բանակն է ու հայ ազգը, որը պետք է սեփական ուժերով պաշտպանի հայրենիքի սահմանները։
Հայոց հզոր բանակն էր տասնամյակներ շարունակ զսպում ադրբեջանական նկրտումները՝թե հայ-ադրբեջանական սահմանին, թե Արցախում,որը գործող իշխանությունները հանձնեցին իրենց դաշնակից Ալիևին։
Ադրբեջանն Արցախն է վերածել ռազմական պլացդարմի ընդդեմ ՀՀ-ի ու հայ ժողովրդի, ներխուժման վտանգ կա Սյունիքում, իսկ գործող իշխանությունները Սյունիքն ամրապնդելու փոխարեն փիառում են ՀՀ-ԵՄ հարաբերությունները՝դրան զուգահեռ վատթարացնելով հայ-ռուսական կապերը։
Հայաստանի անվտանգությունը սերտորեն կապված է ՌԴ-ի հետ՝ԵՄ-ին Հայաստանը անհրաժեշտ է հակառուսական ընդհանուր գեոպոլիտիկ գծի շրջանակներում՝ՀՀ-ում ռուսական ազդեցության զրոյացման ու ռազմաբազաները դուրս հանելու տեսանկյունից։
Հայաստանը պետք է վարի դիվերսիֆիկացված արտաքին քաղաքականություն՝զարգացնի կապերը բոլոր ուժային կենտրոնների հետ, սակայն դա անի ոչ ի հաշիվ ավանդական դաշնակիցների ու ռազմա-քաղաքական կապերի ՌԴ-ի ու Իրանի հետ։
Հայաստանը չպետք է մաս կազմի հակառուսական գեոպոլիտիկ նախագծերի, քանի որ դա ունենալու է աղետալի հետևանքներ հայոց պետականության համար թե անվտանգային, թե տնտեսական առումներով։
Թուրք-ադրբեջանական տանդեմի շահերից է բխում հայ-ռուսական դաշինքի խզումը, որպեսզի իրականացնեն հայոց պետականության վերացման դարավոր ծրագիրը։
Սեդա Գևորգյան



































