Մեկնարկել է միասնական քննությունների հիմնական փուլը. նախարարն այցելել է քննական կենտրոն

Հունիսի 10-ին տրվել է բուհերի ընդունելության 2025 թվականի միասնական քննությունների հիմնական փուլի մեկնարկը: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

Քննությունների ընթացքին հետևելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր այցելել են Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 հիմնական դպրոցում տեղակայված քննական կենտրոն, որտեղ «Քիմիա» առարկայից միասնական քննությանը մասնակցել է 120 դիմորդ:

Քննական գործընթացի մեկնարկից առաջ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Արմեն Փաշայանի ուղեկցությամբ, շրջել է քննասենյակներում և զրուցել դիմորդների հետ:  Նախարարը հաջողություն է մաղթել դիմորդներին և հետաքրքվել քննություններին նախապատրաստվելու, մասնագիտական նախընտրությունների, ինչպես նաև առաջին փուլի մասնակցության արդյունքների և այլնի մասին։

ԳԹԿ-ի տրամադրած տվյալների համաձայն՝ քննական առաջին օրը հանրապետությունում «Քիմիա» առարկայից միասնական քննություն է հանձնելու 1174 դիմորդ (495-ը՝ Երևանում), «Ռուսաց լեզու» առարկայից՝ 309 դիմորդ (78-ը՝ Երևանում): «Քիմիա» և «Ռուսաց լեզու» առարկաների համար Երևանում ու մարզերում գործում է 16 քննական կենտրոն. 11-ը՝ մարզերում, 5-ը՝ Երևանում։ Բուհերի ընդունելության միասնական քննությունների 2-րդ փուլում ընդհանուր առմամբ գործելու է 46 քննական կենտրոն, որոնցից 17-ը՝ Երևանում, 29-ը՝ մարզերում։

Միասնական քննությունների հիմնական փուլին մասնակցելու նպատակով հայտագրվել է 15 970 դիմորդ: Այս թիվը ներառում է նաև շուրջ 3 000 ներբուհական քննությունների համար հայտագրվածների թիվը։ 2025 թվականի հունվարին միայն միասնական քննություններին մասնակցելու համար դիմել էր 11 հազար 608 դիմորդ։

ՀՃՇ անդամները զորակցություն են հայտնում Իրանի դեսպանին

ՀՃՇ առաջնորդ Արշակ Կարապետյանի անունից մեր զորակցությունն ենք հայտնում Իրանին

Արդյոք Արցախի տարածքից Իրանին հարվածներ տրվում են