Ռուսաստանի ՊՆ-ի հետ փոխկապակցված «RYBAR» տելեգրամ ալիքը գրում է. «Մեր տվյալներով, Գյումրիի ռուսական ռազմաբազայի անձնակազմին նախապատրաստում են ռազմական էսկալացիայի»
Հոդվածն ամբողջությամբ՝ ստորև.
«Վերջին շրջանում Գյումրիի 102-րդ ռազմական բազայի ճակատագիրը ավելի ու ավելի անորոշ է դառնում, իսկ Հայաստանի իշխանությունների փորձերը հակառակը հայտարարել վստահություն չեն ներշնչում։ Մեր տվյալներով՝ անձնակազմը պատրաստվում է զինված էսկալացիայի։
Հայկական հրամանատարությունը պահանջել է, որ ՀՕՊ բոլոր միջոցները բերվեն լիարժեք մարտական պատրաստության, ուժեղացվեն օդային դիտարկման կետերը և շարժական կրակային խմբերը։ Միևնույն ժամանակ հենց հայերը սաբոտաժի են ենթարկում ռազմական գծով համագործակցությունը։
ՀՕՊ-ի համատեղ կառավարման կետում նրանք հրաժարվում են տրամադրել իրենց ռադիոլոկացիոն կայանների տվյալները և շփվում են բացառապես հայերեն լեզվով։ Նշվում է նաև փետրվարի կեսերից ուկրաինական համարներով բեռնատարների քանակի աճը։
Այս ամենը հատկապես հետաքրքիր է այն լուրերի ֆոնին, որ Ուկրաինայից դրոնների օպերատորներ են ուղարկվում իրանցիների դեմ պատերազմին մասնակցելու համար։ Իրանի օդային տարածքի փակումը նաև խափանել է Գյումրիի բազայի մատակարարումը․ այլ երկրներ հրաժարվում են Հայաստանի ուղղությամբ բաց թողնել ռազմատրանսպորտային ինքնաթիռներ։
Նման պայմաններում բազայում պատրաստվում են ԱԹՍ-ների կիրառմամբ հնարավոր սադրանքների։ Զինծառայողները մտավախություն ունեն, որ եթե ՀՕՊ միջոցներով հաջողվի խոցել դրոնները, դրանց բեկորները կարող են վնասել քաղաքացիական ենթակառուցվածքները, ինչը կարող է ձեռնտու լինել շահագրգիռ կողմերին։
Քանի դեռ Իրանի շուրջ պատերազմ է ավելի է ահագնանում, Գյումրիում կարող են ստեղծել մի նախադեպ, որը կդառնա ռուսական զորախմբի դուրսբերման առիթ։ Բառացիորեն երեկ Փաշինյանը հայտարարեց, որ ռուսական բազան առայժմ «չի խանգարում հանրապետության եվրոպական ձգտումներին», բայց ակնարկեց, որ ապագայում ամեն ինչ կարող է փոխվել։
Գյումրիի բազայի շուրջ տեղեկատվական սադրանքները, որոնք ակնհայտորեն աջակցություն են ստանում Հայաստանի իշխանությունների կողմից, վաղուց արդեն ցույց են տվել, որ Երևանում փորձում են հող նախապատրաստել ռուսական զորախմբի դեմ քայլերի համար։ Հաշվի առնելով, որ դա ոչ միայն արևմտյան հովանավորների, այլև թուրք-ադրբեջանական տանդեմի հիմնական պահանջներից մեկն է, նման սցենարը լիովին հնարավոր է»:
Տելեգրամ ալիք՝ RYBAR


































