Այսօր աշխարհը նշում է մարդու իրավունքների պաշտպանության օրը։ Քանի որ գրեթե բոլորն այսօր հիշատակում են այս օրվա հետ կապված պատմական իրադարձությունները, փորձեմ դիտարկել մարդու իրավունքների պաշտպանությունը ՀՀ-ում տիրող իրականության տեսանկյունից, ֆեյսբուքյան էջում գրել է ՀՃՇ անդամ Ա.Ղուկասյանը:
Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության համակարգը վերջին տարիներին հայտնվել է լուրջ ճգնաժամային փուլում։ Թե՛ իրավապաշտպան կառույցների դիտարկումները, թե՛ հասարակական արձագանքները ցույց են տալիս, որ մեր պետության պարտականությունը մարդու հիմնարար իրավունքների պաշտպանման հարցում թուլացել է, իսկ ինստիտուտները՝ կորցրել իրենց անկախությունը։ Ստեղծված իրավիճակը առավել քան մտահոգիչ է՝ հաշվի առնելով պետական կառավարման բոլոր մակարդակներում աճող քաղաքականացվածությունն ու ուժային կառույցների կողմից օրինազանց վարքագիծը։ Իրավակարգի թուլացում և պետական մարմինների քաղաքական կախվածություն. Մարդու իրավունքների պաշտպանության մակարդակի անկման հիմնական պատճառներից մեկը պետական ինստիտուտների՝ հատկապես դատախազության, քննչական մարմինների և դատարանների քաղաքական կախվածության խորացումն է։ Քննությունները թիրախավորում են ընդդիմադիր քաղաքական շրջանակներին, հանրային ակտիվիստներին ու լրագրողներին։ Մինչդեռ իշխանության ներկայացուցիչների կամ նրանց հետ փոխկապակցված անձանց նկատմամբ ակնհայտ օրինախախտումները հաճախ մնում են անպատիժ։ Այս իրավիճակը բացահայտում է այն համակարգային խնդիրը, որ օրենքը կիրառվում է ընտրովի, իսկ արդարադատությունը՝ ըստ քաղաքական նպատակահարմարության։ Նորմալ ժողովրդավարական երկրում իրավապահները պետք է ապահովեն օրենքի գերակայությունը, սակայն Հայաստանում դրանք հաճախ օգտագործվում են որպես ճնշման գործիք՝ խաղաղ հավաքներն արգելելու կամ ցրելու համար, քննադատությունը լռեցնելու նպատակով, «անհնազանդ» հասարակական խմբերի նկատմամբ ուժի կիրառումը արդարացնելու համար։ Դատախազության և Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտների նկատմամբ կախվածությունը վերածվել է ոչ թե իրավապաշտպան, այլ քաղաքական ծառայողական բնույթի։
Խաղաղ հավաքների ու խոսքի ազատության կոշտ սահմանափակում, անպատժելիության մթնոլորտ… Այսօր Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությունը գտնվում է վատթարագույն մակարդակներից մեկում՝ անկախության ձեռքբերումից ի վեր։ Խախտումների թիվը մեծանում է, իսկ դրանք կանխող կամ պատասխանատվության ենթարկող մեխանիզմները՝ թուլանում։ Քանի դեռ պետական կառույցները չեն վերականգնել անկախությունն ու հաշվետվողականությունը, իսկ իշխանությունների քաղաքական շահը գերակայում է օրենքի առաջ՝ մարդու իրավունքները, ցավալիորեն, շարունակում են մնալ ոչ թե պաշտպանված արժեք, այլ՝ խոցելի ու հեշտ խաթարվող իրավունքների ամբողջություն։
ՀՃՇ անդամ Ա.Ղուկասյան


































