Արդեն տևական ժամանակ է, ինչ Արմեն Մազմանյանի անվան «Գոյ» թատրոնը շարուակում է իր ստեղծագործելու պայքարը: Սակայն թատրոնի աշխատակիցները այսօր, կրկին չեն կարողացել մուտք գործել թատրոն, քանի որ Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը նրանց մուտքի բանալի հրաժարվեց տալ և հայտարարեց, թե՝ նրանց հետ խոսելու բան չունի։
Նշենք, որ հոկտեմբերի 2-ին «Գոյը» հայտարարեց, որ նոյեմբերի 4-ից վերսկսելու է իր բնականոն աշխատանքը, քանի որ ՀՀ արդարադատության նախարարությունը փաստել է, որ 9 ամիս շարունակ ապօրինաբար դադարեցվել է «Գոյ» թատրոնի գործունեությունը:
Այսօր թատրոնի աշխատակիցներն ասուլիս էին հրավիրել, որը Սունդուկյանի թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանի առաջարկով պետք է անցկացվեր թատրոնի մամուլի կենտրոնում, սակայն երբ Մկրտչյանը սկսեց խնդրի վերաբերյալ իր տեսակետները հայտնել, «Գոյ» թատրոնի աշխատակիցները բոյկոտեցին ու դուրս եկան դահլիճից։
Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի իրավաբան Արմինե Մելքումյանը նշեց, որ արդարադատության նախարարությունից «Գոյ» թատրոնի փաստաբանին հայտնել են, որ նախարարությունը լիազորված չէ մեկնաբանելու դատական վեճի առարկա որևէ վարչական ակտ, կամ գնահատական տալ թե այս, կամ այն պահանջի ներկայացման պայմաններում արդյո՞ք կասեցվել է որևէ իրավունքի իրացում։
Շեշտվել է, որ արդարադատությունը իրականացնում է միայն դատարանը ՀՀ սահմանադրությանը և օրենքներին համապատասխան, և արդարադատության իրականացման որևէ միջամտություն արգելվում է։
Իրավաբանի խոսքով` արդարադատության նախարարությունը Պետռեգիստրում «Գոյի» գրանցումն անվավեր ճանաչելու որոշման մասին Վարչական դատարան ներկայացված հայցը ոչ թե վիճարկման է դիտարկել, այլ ճանաչման, և խոսք չի կարող լինել որոշումն անվավեր ճանաչելու մասին։ Նա ընդգծեց, որ նախարարությունը փաստացի չէր կարող տալ այնպիսի գրություն, որ նրանք կարող են վերսկսել իրենց գործունեությունը։
«Գոյ» թատրոնի փաստաբան Կարո Ասատրյանն էլ նշեց, որ իրենց ներկայացված հայցը եղել է վիճարկման հայցի տրամաբանությամբ և արդարադատության նախարարության գրության մեջ առկա հատվածը, թե իրենց հայցը «ճանաչված է», հավանաբար վրիպակ է, քանի որ նախարարությունը հղում է արել «Դատալեքս» համակարգում առկա տեղեկատվությանը, որն էլ խափանումներով է աշխատում և կարող է նման թյուրիմացության տեղիք տալ։
«Մենք վարչական դատարանին մեր պահանջը հստակ ներկայացրել ենք, որ կասեցվի պետռեգիստրում «Գոյի» գրանցումն անվավեր ճանաչելու որոշումը և ոչ իրավաչափ ճանաչվի ԿԳՄՍՆ-ի որոշումները, որոնք բխում են կառավարության որոշումից»,– ասաց նա։
Fronttv-ի աղբյուրները սակայն հայտնում են, որ 30 տարի շարունակ «Գոյ» թատրոնի կոմունալները մուծվում էր Սունդուկյան թատրոնի կողմից: Ինչպես հայտնում են մեզ՝ «Գոյ»-ի ստեղծագործական կազմը ազատ է իր գործողությունների մեջ, և կարող է ազատ ստեղծագործել Սունդուկյանի ինչպես մեծ, այդպես էլ փոքր բեմերում, պահպանելով թատրոնի ամեն ինչը՝ թե ոճը, թե բեմն ու թատրոնի անունը, խաղացանկը, աշխատանքային բոլոր տեսակի հաստիքները՝ դերասանից մինչև մաքրուհի, ընդանուր 35 հաստիք: Ընդամենը պետք է ստորագրվի փաստաթուղթ, ըստ որի նրանք համաձայն են աշխատել Սունդունկյան թատրոնի հետ: Ըստ մեր աղբյուրի , սակայն թատրոնի ներսում ոչ թե պայքար է թատրոնը փրկելու համար, այլ սովորական աթոռակռիվ է:
Ըստ մեր տեղեկությունների, դերասաններն ուղղակիորեն հրաժարվում են գործել Սունդուկյան թատրոնի անվան տակ՝ պահպանելով «Գոյ»-ի անվանումն ու ամեն ինչը, չնայած այն բանի, որ նրանք անկախ թատրոն չեն և այսքան ժամանակ իրենց ֆինանսապես օգնում էր Սունդուկյան թատրոնը:
Նշենք նաև, որ դերասանները մինչև հուլիս ամիս ստացել են աշխատավարձ՝ Սունդուկյանի կողմից:
Աննա Մեկունց



































