Կիպրոսի վարչապետը հաստատել է, որ երկիրը մտադիր է անդամակցել ՆԱՏՕ-ին

Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Խրիստոդուլիդիսը հաստատել է ՆԱՏՕ-ի անդամ դառնալու՝ իր երկրի մտադրությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը։

Նոյեմբերի 28-ին նա լրագրողներին ասել է, որ Նիկոսիան Վաշինգտոնի հետ բանակցություններ է վարում դաշինքին անդամակցելու ուղիների շուրջ։ Խրիստոդուլիդիսի խոսքով՝ այն փաստը, որ Կիպրոսի Հանրապետությունը չի կարող ՆԱՏՕ-ի անդամ պետություն դառնալ Թուրքիայի առարկությունների պատճառով, երկրի բանակին զրկում է ինչպես արդիականացման, այնպես էլ ռազմական տեխնիկայի ձեռքբերման բազմաթիվ հնարավորություններից։ Խրիստոդուլիդիսը նշել է, որ Կիպրոսն ԱՄՆ-ի հետ քննարկում է Հյուսիսատլանտյան դաշինքին հանրապետության անդամակցության երեք առաջարկվող մակարդակներ։

Նիկոս Խրիստոդուլիդիսը նշել է, որ Կիպրոսի զսպող կարողությունների ամրապնդումն առաջնահերթ նշանակություն ունի. երկիրը հնարավորություններ է փնտրում ինչպես ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի, այնպես էլ ԵՄ-ի պաշտպանական ծրագրերի միջոցով, որոնց կղզին մասնակցում է։ Խրիստոդուլիդիսը Կիպրոսի հիմնական առավելությունը համարել է կղզու աշխարհագրական դիրքը «առանձնահատուկ աշխարհառազմավարական նշանակություն ունեցող տարածքում»: Նա նաև հաստատել է, որ կղզու ռազմածովային և ռազմաօդային բազաների արդիականացման որոշումներն արդեն ընդունվել են, և որ Կիպրոսը ԵՄ-ի հետ քննարկումներ է անցկացնում ռազմածովային, իսկ ԱՄՆ-ի հետ՝ ռազմաօդային օբյեկտների շուրջ։

ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավոր հայտի ժամկետների մասին հարցին նախագահը պատասխանել է. «Որքան քիչ խոսենք այդ մասին, այնքան ավելի մոտ կլինենք մեր նպատակին»:

Կիպրոսի անդամակցությունը ՆԱՏՕ-ին կարող է կարևոր նախադեպ դառնալ: Ըստ դաշինքի կանոնների՝ չլուծված տարածքային խնդիրներ ունեցող պետությունը չի կարող ընդգրկվել դրա կազմում։ Կիպրոսի Հանրապետությունը վերահսկում է համանուն կղզու շուրջ 60%-ը, որի մնացած տարածքին տիրում է չճանաչված Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն