Նոյեմբերի 29-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ: Զելենսկին շնորհակալություն է հայտնել Շոլցին Ուկրաինային աջակցելու հարցում Գերմանիայի առաջնորդության համար, հատկապես՝ Patriot և IRIS-T ՀՕՊ համակարգերի միջոցով երկրի հակաօդային պաշտպանությունն ամրապնդելու համար, գրում է pravda.com.ua-ն։
Նշվում է, որ կողմերը քննարկել են նաև համատեղ վճռական քայլեր, որոնք կարող են է՛լ ավելի ամրապնդել Ուկրաինայի՝ իրեն պաշտպանելու կարողությունը։
«Ռուսաստանի վրա ճնշումների ավելացումը և Ուկրաինայի դիրքերի ամրապնդումը բոլոր ճակատներում չափազանց կարևոր են ագրեսորին իրական խաղաղության ստիպելու համար», — ասել է Զելենսկին:
Կանցլեր Շոլցը նաև կիսվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր զրույցի մանրամասներով։ Այս կապակցությամբ Զելենսկին ընդգծել է, որ միայն զենքի և դիվանագիտության համակցված ուժը կարող է ստիպել այս պատերազմի պատասխանատուին դադարեցնել այն։
«Իրական խաղաղության կարելի է հասնել միայն ուժի միջոցով»,- ընդգծել է Ուկրաինայի նախագահը։