Երբ նայում ենք այս անցնող 135 տարիներին, կարծես, թե շարժապատկերի պես մեր աչքի առջև անցնում է մեր ժողովրդի պատմությունն ու կյանքը, լինել-չլինելու պահերը, կորուստների և հաղթանակների ժամանակները, և այսօր էլ շարունակում է այդ շարժապատկերը առաջ գնալ: 135 տարիներ՝ տեսիլքով միավորված, այն տեսիլքով, որ մեր ժողովրդի ազատության, ինքնիշխանության և ազգային ինքնության գագաթին էր գտնվում: Եվ մենք գոհունակությամբ հիշում ենք և ուզում ենք հիշատակել այդ ճանապարհի մեջ Հայ հեղափոխական դաշնակցության կարևոր դերը: Մի առաքելություն, որը սկսվել է 19-րդ դարի վերջին, այնուհետև անցել է ամբողջ դժվարին 20-րդ դարը, և այսօր՝ 21-րդ դարի առաջին քառորդին էլ իր առաքելության կարիքը ունենք:
Անուրանալի է նաև այդ կուսակցության կարևոր դերը Հայոց ցեղասպանության ճանաչման գործում տարբեր երկրների, տարբեր ազգերի կողմից: Այսօր էլ դեռևս, ցավոք, կան պայքարի առաջնագծեր և որտեղ, վստահ ենք, որ ինչպես միշտ, առաջնայինը եղել է մնայունը, այլ ո՛չ թե գնայունը, դրանով առաջնորդված պիտի գնանք դեպի ազգի նորանոր հաղթանակներ:
Թող Տիրոջ օգնականությունը մշտապես լինի մեր ազգին, թող Տիրոջ լույսը մշտապես լուսավորի մեր ժողովրդի կյանքի ճանապարհը, և Տիրոջ օրհնությամբ ապրենք խաղաղ, բարօր և որպես հայ՝ պահպանելով, պաշտպանելով մեր սեփական պատմությունը, մեր ինքնությունը, մեր ով լինելը, և աշխարհը մշտապես իմանա, որ հայը եղել է, կա ու կլինի: Ամեն
Նաթան սրբազանի խոսքը՝ ՀՅԴ 135-րդ ամյակին



































