Վրաստանի կառավարությունը Մառնեուլիի շրջանում սեփականատերերից հող է օտարում՝ դեպի Հայաստանի սահման ձգվող Ռուսթավի-Սադախլո նոր ավտոմայրուղու կառուցման նպատակով։
Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական ներդրումային բանկի կողմից Արևելք-Արևմուտք միջազգային ճանապարհային ծրագրի վարկային համաձայնագրի շրջանակներում: Նոր երթուղին, որն անցնելու է գործող ճանապարհին զուգահեռ, լինելու է չորս գոտով, երկարությունը՝ մոտ 30 կմ, ներառյալ՝ 11 կամուրջ և անցում։ Շինարարությունը կարժենա 250 մլն եվրո։
Վրաստանը ցանկանում է մաս կազմել «Հյուսիս-Հարավ» ծրագրին՝ՌԴ-Վրաստան-Հայաստան-Իրան-Պարսից ծոց՝դրանով ստանալով ֆինանսական դիվիդենտներ՝տարանցման համար, ինչպես նաև կմեծացնի իր գեոպոլիտիկ կարևորությունը ՌԴ-ի և Իրանի համար, որպես կապող օղակ երկու երկրների միջև։
ՀՀ-ի համար Վրաստանով անցնող լոգիստիկան՝ «կյանքի ճանապարհ» է, քանի որ այս պահի դրությամբ փակ են հայ-թուրքական և հայ-ադրբեջանական սահմանները։
Հայ-վրացական կապերի խորացումը բխում է Երևանի շահերից մի քանի պատճառներով։ Նախ՝Վրաստանի տարածքով ՀՀ-ն կապ է պահում արտաքին աշխարհի և իր թիվ ռազմավարական և տնտեսական դաշնակից՝ՌԴ-ի հետ։ Բացի այդ, Վրաստանում է բնակվում կես միլիոնի հասնող հայ համայնքը՝հայ-վրացական բարեկամական կապերն ունեն դարերի պատմություն։
Չմոռանանք, որ Վրաստանը խորացնում է էներգետիկ, տրանսպորտային, ռազմա-քաղաքական կապերը Թուրքիայի և Ադրբեջանի հետ։ Հայաստանն այս առումով պետք է կարողանա Վրաստանի համար նույնպես դառնալ կարևոր երկիր՝այլընտրանք թուրք-ադրբեջանական դաշինքին և ՀՀ-ի տարանցիկ հնարավորությունները տրամադրել նաև վրացական արտադրանքը դեպի Իրան և Պարսից ծոց արտահանելու համար։
Հայաստանն ու Վրաստանն ամրապնդելով երկկողմ լոգիստիկ կապերն ավելի հետաքրքիր կդառնան արտաքին խաղացողների համար՝տնտեսական և գեոպոլիտիկ առումներով։ Այս պահին Թուրքիան, Վրաստանն ու Ադրբեջանը կառուցում են «Արևելք-Արևմուտք» միջանցքը, իսկ Հայաստան-Վրաստան նոր լոգիստիկայի պարագայում ավելի կկարևորվի «Հյուսիս-Հարավ» կամ «Պարսից ծոց-Սև ծով» մեգանախագիծը, որի կյանքի կոչմամբ հետաքրքրված է նաև գերտերություն Հնդկաստանը։


































