- Առավոտյան հեծանվային զբոսավազքից հետո Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստ է անում։ Ու ինչպես միշտ՝ «ծափ ու ծիծաղ», ոլորտային ուղղություններին չվերաբերող քննարկումներ, մի խոսքով՝ ստանդարտ նիստ։
- Ալիևը պետական այցով մեկնել է Ուզբեկստան։
- Մահացել է գրականագետ Սերժ Սրապիոնյանը։
- Պետդեպարտամենտի խոսնակը տեղեկացրել է, որ ԱՄՆ-ն ուսումնասիրում է Հայաստանի դիմումը՝ միանալու «Միջուկային համաձայնագրին», որի հաստատման պարագայում Հայաստանը կարող է ստանալ ամերիկյան քաղաքացիական միջուկային տեխնոլոգիաներ։
- Սոցցանցերը քննարկում են Երևանում հնչող օդային տագնապը։ Հիշեցնենք, որ Հայաստանի տարբեր բնակավայրերում օդային տագնապի շչակը գործարկելու մասին տեղեկություններ են հրապարակվում ամեն օր։
Արցախի հարցը լուծված չէ
Արցախի Հանրապետության օրենսդիր եւ գործադիր մարմինների ներկայացուցիչները հանդիպել են Արցախի հարցով միջազգային հանձնախմբի համակարգող Վարդան Օսկանյանի և մյուս անդամների հետ, որոնք արտերկրում տասնյակ հանդիպումներ են ունեցել հայազգի քաղաքական գործիչների եւ միջազգային տարբեր կառույցների ներկայացուցիչների հետ, այդ թվում՝ Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ։ Տարբեր գործիչների հետ նրանք քննարկել են հատկապես արցախցիների իրավունքների պաշտպանությանն ու հավաքական վերադարձի և իր հայրենիքում ապահով, անվտանգ ու արժանապատիվ ապրելու իրավունքի հարցերը, իսկ միջազգային հանրության ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել լսելու Արցախի տեսակետները։
Հատկանշական է, որ այս հանդիպումից հետո Արցախի ԱԺ բոլոր խմբակցությունները համատեղ հայտարարություն են տարածել՝ պնդելով, որ պետք է խոչընդոտել COP29-ի կազմակերպումն Ադրբեջանում, մատնանշել են այդ երկրի կողմից մարդկության՝ մասնավորապես արցախահայության դեմ հանցագործությունները։ Հայտարարության մեջ նաև հատուկ շեշտադրում կա Հայաստանի սուվերեն տարածք Ադրբեջանի ներխուժման մասին, նաև կոչ՝ միանալու Հայ Դատի կենտրոնական գրասենյակի և Միջազգային քրեական դատարանի գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի սկսած արշավին՝ տեղեկատվական դաշտում, սոցիալական ցանցերում և անհատական հաղորդակցություններով բացահայտել Ադրբեջանի նենգ մտադրությունները և սթափության կոչ հղել միջազգային հանրությանը:
Սրան զուգահեռ՝ Ադրբեջանի էներգետիկայի փոխնախարար, Ադրբեջանի COP29-ի գլխավոր գործադիր տնօրեն Էլնուր Սոլթանովը հայտարարել է, որ ավելի քան 50 պետությունների և կառավարությունների ղեկավարներ հաստատել են իրենց մասնակցությունը COP29-ին։ «Մենք ակնկալում ենք, որ այդ թիվը կավելանա։ Հրավիրված է նաև Հայաստանը», — թուրքական Anadolu գործակալության հետ զրույցում ասել է ադրբեջանցի պաշտոնյան։ Հիշեցնենք, որ պաշտոնական Երևանը դեռ չի հստակեցրել՝ կմեկնի՞ հայաստանյան պատվիրակությունը Բաքու: Իսկ այս մասին թե՛ կողմ, թե՛ դեմ քննարկումները մամուլում և սոցցանցերում շարունակվում են։
Միջուկային զենքի կիրառության ազատությա՞ն է գնում ԱՄՆ-ն
The New York Times-ը տեղեկացնում է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դեռևս այս տարվա մարտին հավանություն է տվել վերանայված ռազմավարությանը, որը ստացել է «Միջուկային զենքի կիրառման ուղեցույց» անվանումը։ Հետաքրքրական է, որ այս մասին Սպիտակ տունը չի հայտարարել: Լրատվամիջոցը պարզաբանում է, որ վերանայումը կապված է, այդ թվում, «Չինաստանի կողմից իր միջուկային զինանոցի արագ ընդլայնման» հետ, նաև այն, որ ԱՄՆ-ն անհրաժեշտ է համարում «Չինաստանի, Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի կողմից հնարավոր համակարգված միջուկային մարտահրավերներին պատրաստվելը»:
Սպիտակ տնից հայտնել են, որ ծրագրի հաստատումն ուղղված չէ որևէ երկրի կամ կոնկրետ սպառնալիքի դեմ։ Դրա տեքստը գաղտնի է, սակայն դրա գոյությունը՝ ոչ։
Ստացվում է, որ ԱՄՆ-ն կոնկրետ պատրաստվում է միջուկային հակազդեցության դեռ տասնամյակներ առաջ, քանի որ նույնիսկ պարբերականն է նշում, որ հարցը վերաբերում է ԱՄՆ-ի հռչակված «թշնամիներից» Չինաստանի առաջիկա տասնամյակներում առավելություններ ստանալուն։
Իսկ գուցե այս՝ այսքան վաղաժամ փոփոխությունը միջուկային զենքի առումով ուղղակի ազատո՞ւմ է ԱՄՆ-ի ձեռքերը՝ մտացածին վտանգները կանխարգելելու մասով։ Ամեն դեպքում, նման փոփոխությունը է՛լ ավելի է մեծացնում միջուկային վտանգը։
Ինչ էր ուզում ասել Լուկաշենկոն
Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի այն արտահայտությունը, թե Հայաստանը պետք է միայն ՀԱՊԿ-ին, ու որ Ֆրանսիան ու Արևմուտքը Հայաստանին չեն օգնի, ցնցումներ է առաջացրել ոչ միայն արևմատմետ գործիչների մոտ Հայաստանում, այլ նաև Եվրոպայում։ Մասնավորապես՝ Եվրախորհրդարանի պատգամավոր Նատալի Լուազոն արձագանքել է X-ում գրելով, թե. «Հայ ժողովրդի հանդեպ ատելությունը միանշանակ շատ բռնակալների ընդհանուր գիծն է, Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին երբեք չի թուլանա»։ Բնականաբար, այս գրառումը էքստազի նոր դրսևորումներ է առաջացրել նշված շրջանակների մոտ։ Ու նրանք չեն էլ հիշել, որ Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարին կանչել են Բելառուսի ԱԳՆ՝ Արման Բաբաջանյանի իրականացրած ակցիայի պատճառով։ Հիշեցնենք, նա և իր որոշ համախոհներ ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան ուղղությամբ լոլիկներ և ձվեր են շպրտել ու հայտարարել, թե Հայաստանում այդ երկրի դեսպանատուն չպետք է լինի։
Լուկաշենկոյի հայտարարությանը արձագանքել է նաև բելառուս ընդդիմադիր Սվետլանա Տիխանովսկայան, ասելով, թե «Դատապարտում ենք Լուկաշենկոյի կողմից Հայաստանի և հայ ժողովրդի հասցեին ուղղված աղաղակող վիրավnրանքները»՝ չմոռանալով «Բատկային» բռնապետ հռչակել։
Իհարկե, Լուկաշենկոն միանշանակ գործիչ չէ, ավելին, նա իր մոտեցումներով ավելի շատ սկանդալային արտիստ է հիշեցնում։ Բայց հայկական կողմի այդ հոգեզեղումները մեղմ ասած ծիծաղելի են, մանավանդ, որ հասկանալի է դրանց ուղղորդված լինելը։
Նորից պայքար է Սյունիքի համայնքապետերի դեմ
2022թ․ մարտի 28-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռով արդարացված Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը հիմա էլ հրավիրվել է ՀՀ ԱՆ Պրոբացիայի ծառայության գրասենյակ՝ հաշվառման ներկայանալու և հաշվառվելու, նրան է փոխանցվել երեք ակտ։ ԱՆ խոսնակ Նորայր Շողիկյանը պարզաբանել է, որ. «Առաջինով 700 հազար դրամի չափով տուգանք է նշանակվել, երկրորդով պետք է անցնի մեկ տարի և վեց ամիս ժամկետով փորձաշրջան, իսկ երրորդով հինգ տարով պաշտոնավարման արգելք է սահմանվել»։
Գորիսի ավագանին երկուշաբթի օրը նիստ է արել, քննարկել Պրոբացիայի ծառայության գրությունը, արձանագրել է, որ դատական ակտով նշանակված այս կոնկրետ պատժատեսակը որպես հիմք նախատեսված չէ ՏԻՄ օրենքով ընտրված քաղաքապետին պաշտոնանկ անելու համար։ Իսկ Առուշ Առուշանյանը շարունակում է պաշտոնավարել՝ որպես Գորիս համայնքի ղեկավար։
Սրանով «կինոն» չի ավարտվել։ Պրոբացիայի ծառայությունը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ Առուշ Առուշանյանի պատիժն ազատազրկմամբ փոխարինելու վերաբերյալ։
Բայց սա ամենը չէ՝ Սյունիքի համայնքապետների դեմ պայքարի տեսանկյունից։ Օրեր առաջ Սյունիքի մարզի պարեկային ծառայության մոտ 5 մեքենա երթեւեկության ժամանակ շրջափակել է Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի «Տոյոտա լանդ քրուիզեր» ծառայողական մեքենան ու տարել տուգանային հրապարակ։ Իրավապահները որեւէ բացատրություն չեն տվել, նշել են միայն, որ մեքենան հետախուզման մեջ է։ Փարամազյանը հաստատել է տեղեկությունը՝ էժան քայլ որակելով իր նկատմամբ իրավապահների գործողությունները։
Հիշեցնենք, որ թե Առուշանյանը, թե Փարամազյանը հայտնի «սյունյաց ողջույններից» հետո ամեն դեպքում սկսել էին համագործակցել Փաշինյանի իշխանությունների հետ։ Բայց նրանք, փաստորեն, չեն ներվել։
Իրանը ձևավորեց նոր կառավարություն
Իրանի խորհրդարանն ամբողջությամբ հաստատել է նորընտիր նախագահի Մասուդ Փեզեշքիանի ներկայացրած կառավարության նոր կազմը։ Հետաքրքրական է հատկապես արտգործնախարարի անձը, քանի որ նա ուղիղ մասնակցություն է ունեցել միջուկային գործարքի բանակցություններում։ Սրանից կարելի է հասկանալ, որ Իրանը հենց այս ուղղությամբ էլ շարունակելու է արտաքին քաղաքականությունը։ ՀՀ ԱԳ նախարարն արդեն շնորհավորել է Սեյեդ Աբբաս Արաղչիին՝ Իրանի ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։
Կառավարության ձևավորումը Իրանում նաև նշանակում է, որ հավանական է այդ երկրում արդեն արագացնեն Իսրայելի դեմ պատժիչ գործողությունների իրականացումը։ Հատկանշական է այն, որ Իրանից ասել են, որ թե՛ ձևաչափը, թե՛ ժամանակը, որով Իսրայելը կպատժվի, անսպասելի են լինելու։
ՀՀ և ՌԴ ԱԳՆ «փոխհրաձգությունը» շարունակվում է
Շարունակվում են ՀՀ-ՌԴ ԱԳՆ-ների՝ միմյանց ուղղված «կծու» հայտարարությունները։ Հիշեցնենք, որ ամեն ինչ սկսվեն նրանից, որ ՌԴ ԱԳՆ Լավորովը հայտարարեց, թե Հայաստանը սաբոտաժի է ենթարկում հաղորդակցությունների բացման գործընթացը, իսկ Հայաստանից պատասխանեցին, թե «սաբոտաժը դուք եք անում»։ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան, պատասխանելով լրագրողների հարցերին, մի քիչ դասընթաց է արել ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի համար և ասել, որ Երևանը փորձում է սեփական սխալները բարդել ՌԴ-ի վրա, գտնել մեղավորներ իր իսկ սխալ հաշվարկների համար։
Արդյո՞ք ճիշտ չէ Զախարովան։
Փաշինյանը շրջանցել է Տիգրանաշենը
Փաշինյանի մարզային վոյաժներն ու «անսպասելի» կանգառները տարբեր կետերում այս անգամ շրջանցել են Տիգրանաշենը, որը՝ որպես անկլավ Ադրբեջանին հանձնելու վերաբերյալ խոսակցությունները համառորեն չեն դադարում։
Այս փաստը, ըստ մամուլի տեղեկությունների, անհանգստություններ է առաջացրել նաև ՔՊ-ի ներսում, որտեղ դեռ կան Փաշինյանին ու նրա բազմակի անգամ խախտված խոստումներին հավատացողներ։ Իսկ անհանգստությունը պայմանավորված է նրանով, որ իրենք էլ թերևս սկսել են հավատալ իրենց տեսածին, մասնավորապես՝ այդ համայնքում արդեն տները «պետությանը» հանձնելու համար մեծ գումարներ են խոստանում, իսկ դա հենց այնպես չի լինում։
Ադրբեջանից ում հետ և ինչ է քննարկել Փաշինյանը՝ ՀՀ Սահմանադրության կապակցությամբ
Լրատվամիջոցները պաշտոնական հարցում են հղել կառավարությանը՝ փորձելով ճշտել, թե Փաշինյանն ում հետ և ինչ է քննարկել Հայաստանի սահմանադրության փոփոխության վերաբերյալ։
Հարցն առաջացել է այն բանից հետո, երբ Ալիևի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը հայտարարել էր, որ Փաշինյանն է ժամանակ խնդրել՝ Հայաստանի սահմանադրության փոփոխությունները կազմակերպելու համար։ Կառավարությունից, ըստ էության, չեն հերքել, որ Փաշինյանն ադրբեջանական կողմի հետ քննարկել է Սահմանադրության փոփոխության հարցը։ Այդ մասին առհասարակ բառ անգամ չկա պաշտոնական պատասխանում։ Փոխարենը նրանք հղում են անում նրա մայիսի 7-ին կայացած ասուլիսին, որտեղ առաջին անգամ պաշտոնապես արծարծվել է Հայաստանի սահմանադրության փոփոխության հարցը։
Սակայն, Ամիրբեկովը այդ ասուլիսի ժամանակ չէր խոսել թեմայի մասին։ Ու այդպես էլ հարցը բաց է մնացել։ Ի վերջո, ի՞նչ է պայմանավորվել Փաշինյանը։


































