Դարեր ի վեր տարբեր պետությունների ղեկավարներ են ազդեցություն ունեցել այն հարցում, թե ով պետք է լինի Ամենայն Հայոց Կաթողիկոսը։ Նման կարծիք է հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության շենքում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։
«Դարեր ի վեր Թուրքիայի ղեկավարն է որոշել, թե ով պետք է լինի Ամենայն Հայոց Կաթողիկոսը, որոշ ժամանակահատվածներում՝ Պարսկաստանի ղեկավարը, որոշ դարերում՝ Ռուսաստանի ղեկավարը և այդպես շարունակ»,- ասել է Փաշինյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանում պետական կառավարման և ինստիտուցիոնալ մշակույթը ձևավորվել է շատ կարճ ժամանակահատվածում։
«Ընդհանրապես պետական կուլտուրա Հայաստանում չի ձևավորվել Պապ թագավորի կառավարման կարճ ժամանակահատվածից հետո։ Այդ մշակույթի մեջ գտնվող մարդիկ էլ այսօր հոլովում են այդ մոտեցումները։ Այն, որ Հայաստանը հայտարարում է՝ մեր եկեղեցին ի վերջո պետք է ունենա նոր կանոնագիրք, և որ դրան դիմադրություն կա, ես դա նույնպես հասկանում եմ, որովհետև մինչ այսօր ընդունված վերջին փաստաթղթերը ձևավորվել են ռուսական կամ թուրքական կայսրության ֆորմատով»,- նշել է վարչապետը։
Անդրադառնալով այն պնդումներին, թե Թուրքիայի նախագահը որոշում ունի, թե ով է լինելու Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Փաշինյանը նման թեզը որակել է որպես «ծայրահեղական և ծայրագավառային տրամաբանություն»։
Գրում է «Փաստինֆո» լրատվականը


































